Ինչ է, հայը չի՞ կարում թուրքի նման կոշիկ կարի կամ լոլիկ արտադրի. Նապոլեոն Ազիզյան

Mar 23, 2017 Comments Off on Ինչ է, հայը չի՞ կարում թուրքի նման կոշիկ կարի կամ լոլիկ արտադրի. Նապոլեոն Ազիզյան

ԱԺ երրորդ գումարման պատգամավոր, Ծառուկյան դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավարության թեկնածու, երկար տարիներ արդյունաբերության ոլորտում աշխատած Նապոլեոն Ազիզյանն այն կարծիքին է, որ երկիրն առաջին հերթին պետք է դառնա ինքնաբավ։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա․ «Մենք պետք է զարգացնենք արդյունաբերությունը, չեմ ասում ինքնաթիռ կամ Մերսեդես ֆիրմայի մեքենաներ արտադրենք, բայց հո լոլիկ կարող ենք արտադրել»։

Ըստ նախկին պատգամավորի՝ 90-ականներին իշխանափոխության հարթակում կանգնած մարդկանց մեղքով է, որ կա այս վիճակը․ «Իշխանության եկած մարդիկ գործարանները դարձրին մետաղի ջարդոն, իրենց ասվել էր, որ կենտրոնացված մատակարարման սիստեմը պետք է վերացնել, կարգը փոխել ու դրա տակ քանդեցին ամեն ինչ»։

Նապոլեոն Ազիզյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ հայկական արտադրության կոշիկները արտերկրում շատ հայեր գնում էին որպես արտասահմանյան արտադրության եւ հետո էին միայն իմանում, որ հայկական են․ «Այդպես եղավ, որովհետեւ հեղափոխությունից հետո եկան մարդիկ, որոնք ոչ մի բանի պատկերացում չունեին, կարելի էր չէ՞ էդ բոլորը պահպանել։ Ինչ է, հայը չի՞ կարում թուրքի նման կոշիկ կարի կամ լոլիկ արտադրի, որ պետք է Թուրքիայից բերի։ Ես չեմ ասում մեզ մոտ բանան ու արքայախնձոր արտադրենք, խոսում եմ այն ապրանքների մասին, որոնք դրսից ներկրվում են, բայց մենք կարող ենք արտադրել»։

Ըստ մեր զրուցակցի՝ Կառավարությունը պետք է պայմաններ ապահովի, ինչպես՝ գազի սակագնի եւ հարկերի նվազեցումը, որ հայրենական արտադրողն իրեն ապահովված զգա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: