Պուտինը լռեց ամենակարևորի մասին

Mar 17, 2017 Comments Off on Պուտինը լռեց ամենակարևորի մասին

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են, մասնավորապես, երկկողմ համագործակցության առանցքային հարցեր և եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման հեռանկարները»: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում: Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում: Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է Նախագահ Պուտինը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Ի պատիվ պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Ռուսաստանը շարունակում է աջակցել՝ որոնելու ուղիներ Արցախի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում. «Առանձնակի ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան հակամարտության թեմային: Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի ուղիներ որոնելուն՝ ինչպես ԵԱՀԿ-ի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով»:

Եվ այսպես, հաշվի առնելով պաշտոնական հաղորդագրությունները, և համատեղ արված հայտարարությունները` Սերժ Սարգսյանը ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Ի՞նչ ուղիների մասին է խոսքը…

Ռուսաստանի նախագահի ասած ուղիները վերաբերում են «Լավրովի պլանին» հասնելու ճանապարհի՞ն…

Վաղուց ժամանակ է, որպեսզի խոսենք փակագծերը բացած:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններից պահվածքից հասկանալի է, որ ԼՂ խնդրով բանակցություններ չեն անցկացվում այն պատճառով, որ դրանք արգելակել է պաշտոնական Բաքուն` իր ապակառուցողական դիրքորոշմամբ, և որ Հայաստանը մերժում է նման պայմաններում Բաքվի շանտաժով Հայաստանից զիջումներ կորզելու քաղաքականությունը:

Իհարկե, Մոսկվան առիթը բաց չթողեց արձանագրել, որ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով աշխատում են, այսինքն` երկկողմ շփումների միջոցով:

Սա նշանակում է, որ թե՛ հարաբերական անդորրը, թե՛ հնարավոր լարումը տեղի է ունենում Ռուսաստանի «հովանու» ներքո, և կախված նրանից, թե ինչ տրամադրություններ կլինեն Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունում` այդ տրամադրություններն էլ կանդրադառնան ղարաբաղյան ճակատի իրավիճակի վրա:

Իսկ ամենակարևորն այն է, որ Պուտին-Սարգսյան բանակցություններում չարձանագրվեց, թե ով է ղարաբաղյան բանակցությունները փակուղի մտցնելու մեղավորը:

Մոսկվան, ոչ առաջին անգամ, ցույց է տալիս, որ ո՛չ ապրիլյան պատերազմը սանձազերծող, ո՛չ էլ ամիսներ շարունակ համանախագահների առաջարկները արհամարհող Ալիևին պատասխանատու չի համարում ստեղծված իրավիճակի համար:

Ու սա ցավալի փաստ է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: