Խորհրդարանում ոչ մի անգամ թաքնված չեմ եղել․ Վարդան Այվազյանի քարոզարշավը Չարենցավանում. լուսանկարներ

Mar 15, 2017 Comments Off on Խորհրդարանում ոչ մի անգամ թաքնված չեմ եղել․ Վարդան Այվազյանի քարոզարշավը Չարենցավանում. լուսանկարներ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայացավ թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի նախընտրական հանդիպումը չարենցավանցիների հետ։ Հանդիպումը կայացավ քաղաքի երաժշտական տանը, ներկաները հիմնականում մանկավարժներ էին, որոնք իրենց հետաքրքրող տարբեր հարցեր էին բարձրացնում՝ սկսած սոցիալական փաթեթներից, նվազագույն աշխատավարձից մինչեւ ուսանողական տրանսպորտի հարցը։

Վարդան Այվազյանը, իր խոսքում անդրադառնալով իր պատգամավորական գործունեությանը, ասաց, որ խորհրդարանի հնաբնակներից է եւ կարող է իր գործունեությունը հաշվետվության տեսքով ներկայացնել։ Այվազյանը խոսեց իր ղեկավարած ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների մասին, նշեց, որ ընդունված օրենքների մեծամասնության համար գլխադասային հանձնաժողովը եղել է Տնտեսականը, իսկ գլխավոր զեկուցողը՝ ինքը։

«Կարող եմ ասել, որ խորհրդարանում ոչ մի անգամ թաքնված չեմ եղել»,-ասաց նա։

Այվազյանը փաստեց, որ պատրաստ է Չարենցավանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այլ թեկնածուների հետ միասնական քննարկման գնալ, որի ժամանակ մարդիկ իրենց հետաքրքրող հարցերով կդիմեն պատգամավորության թեկնածուներին։

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում Ծառուկյան դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որը Վարդան Այվազյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, վերջինս կոչ արեց չարենցավանցիներին սատարել իրեն՝ իրենց քվեն տալով Վարդան Այվազյանին։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: