Լրագրողի աշխատանքը խոչընդոտած քաղաքացու նկատմամբ տուգանք է նշանակվել․ մանրամասներ դատական նիստից

Mar 15, 2017 Comments Off on Լրագրողի աշխատանքը խոչընդոտած քաղաքացու նկատմամբ տուգանք է նշանակվել․ մանրամասներ դատական նիստից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում երեկ կայացել է Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոընդոտելու դեպքի առնչությամբ եզրափակիչ դատական նիստը։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ, Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք խոչընդոտել էին Շողիկ Գալստյանի աշխատանքը, վիրավորել նրան, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում:

Ինչպես Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց Շողիկ Գալստյանը, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտած Մարիամ Ավագյանի նկատմամբ դատարանը որպես պատիժ տուգանք նշանակեց՝ 700․000 ՀՀ դրամ: Ինչպես նաեւ Ավագյանը մեկ տարով զրկվեց ընտրությունների ընթացքում դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից: Տեղեկացնենք, որ Ավագյանը փոխհատուցել էր տուժողի նյութական վնասը՝ հեռախոսը, ինչի պատճառով տուժողի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդություն է ներկայացրել կարճել Ավագյանին առաջադրված 185-րդ հոդվածի 1-ին մասը՝, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը։ Բալասանյանն իր խոսքում ասաց, որ հաշվի են առել նաեւ այն հանգամանքը, որ Մարիամ Ավագյանի խնամքին են երկու անչափահաս երեխաներ, որոնցից մեկն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել  Քրեական օրենսգրքի 149-րդ եւ 185-րդ հոդվածների 1-ին մասերով։

Նախագահող դատավոր Սուրեն Բաղդասարյանը 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրեց։

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին՝ ընտրությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելուն, ապա  Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը պահանջեց  Մարիամ Ավագյան նկատմամբ 800 հազար դրամի չափով տուգանք նշանակել, սակայն, դատավորը կիրառեց պատժի նվազագույն չափ`700.000 դրամ։

Սեդա Ղուկասյան

շ շշ

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: