Կարեն Կարապետյանի սենսացիոն բացահայտումը. ո՞վ է պատասխան տալու (տեսանյութ)

Mar 15, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանի սենսացիոն բացահայտումը. ո՞վ է պատասխան տալու (տեսանյութ)

 

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել է բանակին մատակարարված անորակ վառելիքի խնդրին՝ փորձելով հստակություն մտցնել այդ հարցով իր՝ նախկինում արած հայտարարության մեջ:

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այո, իսկապես Հայաստանի Հանրապետություն մտնում էր վառելիք, որը ոչ թե անորակ դիզվառելիք էր, այլ բոլորովին այլ տեսակի վառելիք: Դա, վարչապետի խոսքով, եղել է վառարանի վառելիք, որը

դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում ստեղծվում էր մի վիճակ, երբ տեխնիկան չէր աշխատում: «Վառելիքի հերթական խմբաքանակը, որը մենք կանգնեցրել էինք, դիզվառելիք չէր, պարզվեց, որ դա վառարանային վառելիք է: Հայտարարում եմ, որ այդ վառելիքից 460 տոնա ներմուծվել է Հայաստան, բայց այդ տեսակի վառելիքը մեր երկրում այդքան սպառում և պահանջարկ չունի: Մենք թույլ ենք տվել, որ այս վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվ, որը չի սահմանափակում այդ տեսակի վառելիքի ներմուծումը: Բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանջարկը երկրում չկա: Հետևաբար շատ մեծ տրամաբանություն չի պահանջվում հասկանալու համար, որ այդ վառելիքը պետք է խառնվի մեկ այլ վառելիքի հետ և վաճառվի այլ անվան տակ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը և հավելել, որ այս պահին իրենք հետևում են գործընթացին և ուզում են հասկանալ, թե այդ վառելիքը ի վերջո ուր է գնալու:

Կարեն Կարապետյանը նաև շետել է, որ այն, ինչ նախկինում ասել է, պատրաստ է կրկնել: Իսկ քարոզարշավի մեկնարկից առաջ՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Կարեն Կարապետյանի այս հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, թե ակնարկն ունեցել է շատ կոնկրետ հասցեատեր և ուղղված է եղել ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ: Ինքը՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը ամենաշատն է շահագրգռված, որ այդ հարցը բացվի մինչև վերջ. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա համապատասխան կառույցները պետք է զբաղվեն դրանով»: Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»։ Նա հայտարարել է, որ բանակին վառելիք է մատակարարում Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, և ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի:

Հիմա փաստորեն տևական ժամանակ անց վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին թարմացնում է թեման՝ ըստ որում բացելով փակագծեր և հնչեցնելով կոնկրետ թվեր:

Ստացվում է, որ հանրապետություն է ներմուծվել 460 տոննա պահանջարկ չունեցող  վառելիք: Երկրի վարչապետը պատահական  մեկը չէ, և եթե նա ասում է, որ այդ անպիտան վառելիքը խառնվել է այլ վառելիքի հետ և այլ անվան տակ իրացվել է, ապա հաջորդ քայլն արդեն պետք է լինի խնդրի կոնկրետացումը. որտե՞ղ է այն իրացվել և ի՞նչ կապ կա այդ անորակ՝ տեխնիկայի աշխատանքը խափանող վառելիքի խառնուրդի և ապրիլյան պատերազմի միջև: Բնականաբար եթե իրացման պայմանավորվածություն կամ հնարավորություն չլիներ, որևէ հիմար 460 տոննա վառելիք չէր ներմուծի, քանզի հազիվ թե ներկրման նպատակը այդ վառելիքը թափելն էր եղել:

Ի վերջո, եթե պահանջարկ չունեցող վառելիքը որևէ մասնավոր ներկրող ներմուծել է երկիր, դա իր անձնական գործն է, և սրա հետ պետությունն ու վարչապետը խոշոր հաշվով գործ չունեն: Բայց եթե այն տրվել է բանակին կամ իրացվել է պետական միջոցների հաշվին, կնշանակի խոսքը պետական մակարդակի խոշոր կոռուպցիայի մասին է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է կանգնած դրա հետևում, և ո՞վ է կրելու պատասխանատվությունը:

Արման Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: