Ով է պահում Պուտինի «թիկունքը»` Ղարաբաղում

Mar 15, 2017 Comments Off on Ով է պահում Պուտինի «թիկունքը»` Ղարաբաղում

Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է այցելելու Փարիզ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիևը քննարկելու է ԼՂ հակամարտությունը։ Իսկ նույն օրը՝ մարտի 14-ին, Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։

Ղարաբաղյան բանակցային ապագան հարվածի տակ է: Համանախագահները փորձում են կողմերին համոզել` հանդիպել, շարունակել բանակցությունները: Սակայն պահն օգտագործում է Ռուսաստանը, որը փորձում է ինքնուրույն խաղ տանել:

Ռուսաստան ու Թուրքիան անցյալ շաբաթվա վերջին քննարկել են նաև Ղարաբաղյան խնդիրը: Մոսկվայում մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում, իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո` մասնակցել է նաև ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին:

«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, իր ելույթում, ի շարս այլ հացերի, Էրդողանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, թե որքան ճգնաժամային է իրավիճակը և որքան մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և հավելել, թե իր համոզմամբ, Ռուսաստանը կարող է առաջատարի դերը ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է բանակցությունների սկսում մոտակա ժամանակներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայում:

Որ Թուրքիան Ռուսաստանին համարում է կարևոր դերակատար` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Թուրքիան, թերևս, միակ երկիրն է, որը Ադրբեջանից բացի շեշտում ու կարևորում է Ռուսաստանի ջանքերը:

Բայց հարց է առաջանում, եթե Պուտինին պետք է Էրդողանի աջակցությունը կարգավորման գործընթացում, ապա ինչի՞ դիմաց: Ինչու՞ Անկարան չի շեշտում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, չէ՞ նրանք էլ այսօր իրեն առջև խնդիր են դրել` թույլ չտալ էսկալացիա…

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում էին: Նրանք կողմ են հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանգամանալից բանակցությունների շուտափույթ մեկնարկին, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահականի կայքում նշվում է, որ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ԼՂ հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ։

ԼՂ հակամարտության հարցում անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամլո ասուլիսում ասել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Նրա խոսքով՝ 2016թ. ապրիլյան իրադարձությունների առաջին տարելիցն անհրաժեշտ է դիմավորել ոչ թե ճակատում, այլ բանակցային սեղանի շուրջ։ Դիվանագետը հավելել է, որ երեք համանախագահներից յուրաքանչյուրը կարծում է, որ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնարին է։

Հոգլանդի կարծիքով՝ 25 տարիների դիվանագիտական գործունեությունը կանխել է ողբերգական իրադարձություններ. «Չնայած այն բանին, որ բանակցությունները 25 տարիների ընթացքում արդյունք չեն տվել, դիվանագիտական գործունեության նպատակն է կարգավորման համար պայմաններ ստեղծելը։ Երեք երկրներից յուրաքանչյուրի կառավարությունն ու համանախագահները կշարունակեն ջանքեր ներդնել, քանի դեռ հակամարտող կողմերը քաղաքական կամք չեն դրսևորել»։

Իսկ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսոնտին էլ նշել է, որ ԼՂ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահը կհանդիպի իր ֆրանսայի նախագահի հետ։ Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքեր ներդնել. «Իհարկե, դա բարդ հարց է։ Ինչպես գիտեք՝ զորքերի շփման գծում լարվածություն է նկատվում։ Սակայն կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է»։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: