Բա Միհրան Պողոսյանին պալոժ ա՞ ՀՀԿ-ի անունը տալ

Mar 13, 2017 Comments Off on Բա Միհրան Պողոսյանին պալոժ ա՞ ՀՀԿ-ի անունը տալ

 

 

 

ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի հայտնի հերոս Միհրան Պողոսյանը իր նախընտրական շտաբների վրա փակցրել է իր մեծադիր լուսանկարները: Իրեն առաջադրած կուսակցության անունը ընդհանուր պաստառի վրա գրեթե չի երևում՝ ներքևի հատվածում համեմատաբար փոքր տառերով գրված է, որ առաջադրված է ՀՀԿ-ի կողմից:

Քարոզարշավի և ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նույնպես Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի անունը ընդհանրապես չի տալիս: Անգամ իբրև քաղաքավարական ժեստ՝ ԴԱՀԿ նախկին պետը գոնե մի անգամ կուսակցությանը շնորհակալություն չի հայտնել՝ իրեն առաջադրելու համար: Հակառակ Միհրան Պողոսյանը գերադասում է, որ բոլորը միայն իրեն շնորհակալություն պիտի հայտնեն, որ ինքը կա այս աշխարհում, և այնքան կա, որ կարող է բոլորին առաջնորդել, որ կարող է այնպես անել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսի մայրը իրեն շնորհակալություն հայտնի. «Մեզ պետք են մարդիկ, որ առաջնորդում են, ոչ թե մարդիկ, ում առաջնորդում են, և ես վստահ եմ, որ ձեր, ձեր հարեւանի ուժն ամրացնելով եւ միավորելով մեր թիմին, մենք էլ ավելի մեծ խնդիրներ ենք լուծելու: Մենք շատ ուժեղ ենք, էլ ավելի ենք ուժեղանալու»,- Զեյթունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միհրան Պողոսյանը և իր ողջ ելույթի ընթացքում մեկ անգամ Հանրապետական կուսակցության անունը չի տվել: Կոնկրետ թիվ 1 ընտրատարածքում առաջնորդելու և առաջնորդվելու ակնարկը շատ հստակ ուղղված է ՀՀԿ-ի մյուս ռեյտինգային ֆավորիտին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին:

Միհրան Պողոսյանը  թերևս իր պահվածքով հասկացնում է ՀՀԿ-ին, որ իր կարգավիճակը ավելին է, քան ՀՀԿ-ական թեկնածուինը, և ինքն իրենով Միհրանն է, ում <<պալոժ չի>> ՀՀԿ-ի անունը տալ կամ կուսակցության թիկունքում  թաքնվելով հարցեր լուծել: «Շատ մարդիկ կգան այստեղ, շատ կխոսեն եւ կգնան, փորձեք զատել ժամանակավոր, մեկ օրով մեկ ամսով եկած մարդկանց եւ այն մարդկանց, որոնք որ ձեզ հետ են միշտ եղել, որ ձեր հետ են միշտ լինելու»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է Միհրան Պողոսյանն՝ առաջարկելով տարբերել թեկնածուների գիտելիքներն ու փորձը, որից հետո բոլոր հարցերը պատասխաններ կստանան: Այսինքն՝ Միհրանը խնդիր ունի ասելու, որ ինքը, ինչպես հայտարարեց իր հարցազրույցում 20 տարեկանում ստեղծել է մի բիզնես, որը իրեն հետագայում դարձրել է նախ ԱԱԾ-ի բարձր պաշտոնյա, հետո էլ ԴԱՀԿ-ի պետ, ով կարողանում  էր մարդկանց աճուրդի հանված գույքը նվազագույն արժեքով իրենով անել և հետո դրանք պահ տալ օֆշորային հաշիվներով: Միհրան Պողոսյանը նաև հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայտնի օֆշորային սկանդալը որոշակի քաղաքական ուժերի կողմից  պատվիրված  շոու էր. նա անուն չի տվել, ասել է միայն, որ շոուն ստացել է իր հանգուցալուծումը: Հավանաբար նա նկատի է ունեցել, որ գործը ՀՔԾ-ն կարճել է: Բայց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Միհրան Պողոսյանի գործը փակված չէ: Օրերս Արփինեն իրականում իմաստուն կարծիք է հայտնել, որ որևէ գործ իրականում չի փակվում, դրանք սառեցվում են՝ երբևէ բացվելու հրամայականով: Իսկ ընդհանրապես  քաղաքական ամբիցիայի ստավկան, որ դնում է Միհրան Պողոսյանը, կարծես թե շատ բարձր է, բայց Հայաստանը շատ փոքր երկիր է՝ այստեղ բոլորի բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Ո՞վ չգիտի, որ Միհրանը Միհրան է դարձել շնորհիվ իր ԱԱԾ պետի տեղակալ քեռու: Նրան ներվել են շատուշատ բաներ՝ սկսած կաբինետում մարդ ծեծելուց, վերջացրած թաքցված և չվճարված հարկերով: Հետևաբար անցյալի, ապրածի և կյանքի ընթացքում արած-չարածի մասին խոսելիս կարելի է մի քիչ համեստ գտնվել:

 

Արման  Վարդանյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: