Դիվանագիտական սկանդա՞լ. ինչո՞ւ է ազատվում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը

Mar 10, 2017 Comments Off on Դիվանագիտական սկանդա՞լ. ինչո՞ւ է ազատվում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններում քաղաքական սկանդալ է պայթում:Խոսքը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի պաշտոնանկության մասին է: Դեսպանն արդեն անձամբ է հաստատել, որ մարտի 9-ը եղել է իր աշխատանքային վերջին օրը, և ինքը թեպետ չուզենալով, սակայն ստիպված է արձագանքել Ռուսաստանի հայտնի լրագրող Վ.Սոլովյովի՝ Երևանում իր հասցեին հնչեցրած քննադատությանը:

Գրիբոյեդեվի ակումբի երևանյան հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սոլովյովը ասուլիսի ժամանակ, անդրադառնալով անցյալ տարվա ապրիլյան պատերազմի օրերին, Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի ցուցաբերած վերաբերմունքի մասին հարցին, մեղադրել էր ՀՀ դեսպանին անգործության մեջ. «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Տեսեք` որքան շատ են էթնիկ հայերը Պետդումայում։ Իրադարձություններ են ծավալվել (Արցախում- խմբ.)։ Ո՞ւր են Պետդումայի քննարկումները, ո՞ւր է դեսպանի ակտիվությունը, ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է գեթ մի խոսք ասեն` իրենց երկրի շահերը պաշտպանելու համար»,- ասել է Սոլովյովը և ավելացրել, որ ՀՀ դեսպանը պետք է ամեն տեղ լիներ, ահազանգեր, կոչեր աներ, որ հարցերը լուծվեին իր երկրի օգտին։
Նա նաև Հայաստանի դեսպանի պասիվությունը հակադրել էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուի ակտիվությանը:

Եվ ահա Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը պարզաբանում է տարածել ռուս հայտնի լրագրողի՝ իր գործունեությանը տված որակումների առնչությամբ. «Շատ հանրաճանաչ լրագրողներ ունի նաև իմ երկիրը. արդյոք նրանցից որևէ մեկը իրեն թու՞յլ կտար ստանձնել նման դերակատարություն՝ անդրադառնալու Երևանում հավատարմագրված երկու միմյանց հետ մեղմ ասած լարված հարաբերություններ ունեցող երկրների դեսպանների գործունեության համեմատական վերլուծությանը:

Պրն. Սոլովյովի «ազատամտության», «ժողովրդավարության» և «մամուլի ազատության» յուրօրինակ ընկալումը միայն անձնավորվա՞ծ ցինիզմի դրսևորում է, թե՞ կան նաև այլ, առավել կարևոր ուղղորդող հանգամանքներ:

Հարգարժան լրագրողի ծամծմված կարծիքը նույն խնդրի առնչությամբ երկու երկրների դեսպանների գործունեության մասին ոչ այլ ինչ է, եթե ոչ իրեն տրված հստակ հարցի պատասխանից գիտակցված շեղում՝ կոնկրետ նպատակի որոշակի երանգներով:

Շատ ափսոս, որ ստիպված էի ասելու այն, ինչին, որոշ հանգամանքներից ելնելով, ժամանակին չեմ անդրադարձել»,- հայտարարել է Օլեգ Եսայանը:

Պատահական զուգադիպությո՞ւն է արդյոք, որ ռուս լրագրողի հրապարակային քննադատությանը հաջորդում է Օլեգ Եսայանի պաշտոնանկությունը. թերևս այս հարցի պատասխանը կարող է իմանալ միայն դեսպանին նշանակելու և ազատելու լիազորություն ունեցող անձը՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանուն արդարության պետք  է ընդունել, որ Սոլովյովի ասածի մեջ այս դեպքում կա ճշմարտություն, մեզ՝ հայերիս համար չափազանց ցավալի և դառը ճշմարտություն:  Մեր ռազմատենչ հարևան երկրի դեսպանը ապրիլյան պատերազմի օրերին իրեն պատեպատ տալով հարցազրույցներ էր տալիս ռուսական ԶԼՄ-ներում, արդարացնում էր իր նախագահի սանձազերծած ռազմական ագրեսիան: Թե ինչ էր անում մեր դեսպանը, մենք չգիտենք: Մեզ հայտնի չեն նաև Օլեգ Եսայանի թվացյալ լռության և պասիվության պատճառները: Դեսպանն ամեն պարագայում ինքնուրույն անձ չէ և գուցե նրա պասիվությունը համաձայնեցված է եղել պաշտոնական Երևանի հետ: Հակառակ պարագայում, եթե պաշտոնական Երևանը, կոնկրետ երկրի նախագահն ու արտաքին գործերի նախարարը դժգոհ էին Օլեգ Եսայանի՝ այդ փուլում կատարած աշխատանքից, ապա նրանք թերևս կարիք չունեին սպասելու Սոլովյովի արտահայտած կարծիքին, այլ պետք է անձամբ օր առաջ ազատեին ՀՀ դեսպանին և այդ պատասախանատու պոստում նշանակեին մի մարդու, ով ավելի արդյունավետ առաջ կտաներ ՀՀ շահը Ռուսաստանում: Բայց նման բան փաստացի տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի՝ մեր հանդեպ ցուցաբերած կեցվածքին, ապա այդ կեցվածքը, մեղմ ասած, գործընկերային չէր, և Սոլովյովը, որ այդքան անաչառ է ՀՀ դեսպանին քննադատելու հարցում, կարող էր նույնքան օբյեկտիվորեն արձանագրել, որ Ռուսաստանը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է մեզ որպես մանրադրամ օգտագերծել հանուն իր շահերի: Հաջորդ կարևոր հարցն այն է, թե արդյոք մենք այդ բոլորից արել ենք անհրաժեշտ հետևություններ: Սերժ Սարգսյանի եվրոպական վերջին ռևերանսները և մայիսին նախատեսված ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացումը ամեն դեպքում վկայում է, որ հետևություններ այնուամենայնիվ արվել են:

Վերադառնալով դեսպանի աշխատանքին՝ պետք է արձանագրել, որ նրա գործունեությունը իսկապես արդյունավետ չի եղել: Ավելի քան 7 տարի Հայաստանի համար ռազմավարական ամենամեծ նշանակություն ունեցող երկրում աշխատող դեսպանը գոնե 7 հիշարժան հայտարարություն չի արել: Խոսքը վերաբերում է ոչ միայն ապրիլյան պատերազմի օրերին, այլ ընդհանրապես: Ոչ միայն Օլեգ Եսայանը,  Հայաստանի մնացած դեսպանները նույնպես մեծ մասամբ որևէ երկրում ակտիվությամբ աչքի չեն ընկնում: Թերևս ավելի շատ նրանք զբաղված են տվյալ երկրներում իրենց անձնական շահերի և բիզնեսների հարցերով, քան թե պետության քաղաքականությամբ և շահերով: Բայց դա, ամեն դեպքում, ՀՀ ներքին գործն է և  ամենևին ոչ Սոլովյովի լուծելիքը:

 

Հայկ  Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: