«Վայ տիկին Բախշյան, չե՞ք հիշում ինձ, միասին հարսանիքի ենք եղել»․ քարոզարշավ նաեւ վարսավիրանոցում. լուսանկարներ

Mar 09, 2017 1 Comment

Երեւանի Կիեւյան 7 հասցեում գտնվող Ազատ դեմոկրատներ կուսակցության տարածքային գրասենյակից սկսվեց Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն թաղամասերն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնաուծների քարոզարշավը։ Թեկնածուներին էին միացել նաեւ թիվ 3 եւ 1 ընտրատարածքներում առաջադրված նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը։
Պատգամավի թեկնածուներն ու կուսակցության անդամները Կիեւյան փողոցից սկսեցին քայլել դեպի Բարեկամության մետրո՝ թռուցիկներ բաժանելով ու կոչ անելով կողմնորոշվել։ Ամենակտիվը Անահիտ Բախշյանն էր, որը բաց չէր թողնում անգամ վարսավիրանոցներն ու կտորի խանութները՝ թռուցիկներ էր բաժանում՝ տեղեկացնելով, որ առաջադրված է Ազատ դեմոկրատների ցուցակով։ Վարսավիրանոցներից մեկում հետաքրքիր դեպք եղավ, երբ աշխատողներկց մեկը, տեսնելով Անահիտ Բախշյանին, ոգեւորությամբ ասաց՝ վայ տիկին Բախշյան, չե՞ք հիշում ինձ, միասին հարսանիքի ենք եղել։
Ստյոպա Սաֆարյանը, տեսնելով Անահիտ Բախշյանի ակտիվությունը, կատակեց՝ Անահիտը բոլորիս հացը կերավ։
Թաղամասի բնակիչները հիմնականում վերցնում էին թռուցիկները, կային նաեւ այնպիսիք, որ կտրուկ հրաժարվում էին՝ ասելով քաղաքականությամբ չենք հետաքրքրվում։
Քարոզարշավի մասնակիցները թռուցիկներ բաժանեցին անգամ Բարեկամության մետրոյի անցումի աշխատակիցներին․ Ստյոպա Սաֆարյանը բաժանում էր իր ընտրատարածքի թռուցիկը, Անահիտ Բախշյանն էլ իրենը, եւ երբ իրար հետեւից մի երիատարդի տվեցին, վերջինս կատակեց՝ հիմա հերթով բոլորը հավաքելով գնալու եմ։
Թերեւս բոլորի ուշադրության կենտրոնում Անահիտ Բախշյանն էր, եւ եթե այդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներին անգամ չէին էլ ճանաչում, Բախշյանի մոտենում Մարտի 8-ն էին շնորհավորում։ Երբ մի կին շնորհավորեց, Անահիտ Բախշյանն ասաց, որ չի սիրում այդ տոնը, կինն էլ առաջարկեց նույն վայր գալ ապրիլի 7-ին։
Այնուհետեւ քարոզարշավի մասնակիցները շարունակեցին թռուցիկներ բաժանել Կոմիտասի պողոտայում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “«Վայ տիկին Բախշյան, չե՞ք հիշում ինձ, միասին հարսանիքի ենք եղել»․ քարոզարշավ նաեւ վարսավիրանոցում. լուսանկարներ” հրապարակմանը

  1. Բախշյանն ու Սաֆարյանը ստվերեցի՞ն says:

    […] hayeli.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող ԱԴ-ի տարածքային գրասենյակից սկսվեց թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԴ-ի թեկնածուների նախընտրական քարոզչությունը՝ թռուցիներ բաժանելու միջոցով։ Չնայած Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում էին այլ ընտրատարածքներ, սակայն ավելի ակտիվ էին, քան այդ տարածքում առաջադրվածները։ Թե արդյոք Բախշյանն ու Սաֆարյանը ստվերեցի՞ն թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին, այս մասին Hayeli.am-ը զրուցեց թիվ 2 այդ ընտրատարածքում առաջարված Արմեն Առաքելյանի հետ։ […]