Սարոյանների,Նովոների ռեինկարնացիան

Mar 10, 2017 Comments Off on Սարոյանների,Նովոների ռեինկարնացիան

Հանրապետական կուսակցությունը մարտի 8-ին ազդարարեց ընտրարշավի մեկնարկը, որը վարում է վարչապետ Կարեն Կարապետյանը:Մեկնարկից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն տարօրինակ մոտեցում է դրսեւորել 2017-ի ընտրություններին: Մի կողմից հայտարարում է նոր դեմքերի, սերնդափոխության որդեգրման սկզբունքի մասին, մյուս կողմից՝ չհրաժարվելով նաեւ մականունավորներից: Կուսակցության քարոզչական հոլովակի հասցեատերը անկասծակ երիտասարդությունն է, այն կառուցված է դրայվի, աշխուժության վրա: Բուն քարոզարշավն էլ թվում էր՝ խարսխված է լինելու նույն սկզբունքի վրա: Քանզի իշխող կուսակցությունը այս ընտրություններին փորձ է անում ներկայանալ սերնդափոխված,նոր դեմքերով, կուսակցության ցուցակի առաջին տասնյակը վկա: Թեպետ ում հայտնի չէ, որ ՀՀԿ-ում այդ սերնդափոխություն կոչվածը զուտ ֆիզիոլոգիական է: Տարիքով, կրթական եւ մտավոր ցենզով Սերժ Սարգսյանից կամ Գալուստ Սահակյանից տարբերվող «նոր ու երիտասարդ» դեմքերը դարձյալ շարունակելու են առաջնորդվել այն արժեհամակարգով, որին հավատարիմ է այդ կուսակցությունը, դարձյալ շարունակելու են գործել այն խաղի կանոններով, որը սահմանել է ՀՀԿ ղեկավարը:

Այդ «նորերը» հաստատ չեն գալու ՀՀԿ-ի ներսում հեղափոխություն անեն,պարզապես ասպարեզը հանձնվել է Թոխմախի Մհեր, Շմայս ու Լիսկա տեսակի <<մոդեռն>> տարբեակին, քանզի այլ տեսակի գոյությունը ՀՀԿ-ում ուղղակի անհնար է: Այդուհանդերձ ՀՀԿ-ի խաղադրույքը ոչ թե գալուստսահակյանների վրա է, այլ Արփինե Հովհաննիսյանի, Վիգեն Սարգսյանի, առաջիկայում գուցե այլ երիտասարդ կուսակցականներ ասպարեզ նետվեն, որոնց առաջնորդողի առաքելությունը ստանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Եւ ամենաուշագրավը Կարեն Կարապետյանի ակտիվ ներգրավվածության փաստն է գործընթացին: Մարդ, ով ինչ-ինչ պատճառներով տեղ չի գտել ընտրական ցուցակում, մարդ, ում թիմը նույնպես մեծ ներկայացվածություն ՀՀԿ-ի ցուցակում, փաստորեն, ստանձնում է դժվարին ու վտանգավոր պարտականություն: Նա իր ուսերին է վերցրել մինչեւ վերջին խազը վարկաբեկված կուսակցության իշխանության շարունակության հարցը, թե որն է լինելու այդ ծանր գործի գինը, դժվար է ասել: Քանզի Սերժ Սարգսյանը կարծես պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո քաղաքական թատերաբեմը լքելու մտադրություն չունի, նա այդ հարցը սահուն շրջանցել է շաբաթներ առաջ իր հարցազրույցում նաեւ: Մյուս կողմից Կարեն Կարապետյանը նույնպես այնքան միամիտ չէ, որ հանուն ՀՀԿ-ի հարվածի տակ դնի իր հեղինակությունը, որովհետեւ արդյունքում ընտրությանը կհաղթի ՀՀԿ-ն, իսկ ընտրությունից հետո ոչ թե ՀՀԿ-ն կխախտի հանրությանը տված խոստումներն ու հավաստիացումները, այլ Կարեն Կարապետյանը, ումից հանրությունը լսելու է այդ խոստումները:

Թեպետ վարչապետը իր ոճից շատ չի հեռանա, հումորով, շոուներով կանցնի մարզից մարզ, բայց խոստումներից խուսափել չի կարող: Արմավիրի մարզում օրինակ վարչապետը անեկդոտ է պատմել «Գինովցած տղամարդը հերթական անգամ ուշ վերադառնում է տուն, կինը դիմավորելիս ասում է՝ հիմա ի՞նչ ես ասելու, ասում է՝ դու խելոք ես, մի բան ասա։ Հիմա վաղը մյուս օրը մեկնաբանություններ կլինեն, որ եկել անեկդոտ է պատմել»,– ինքնաքննադատաբար է իրեն մոտեցել Կարեն Կարապետյանը, բայց նույն տեղում նաեւ համոզել, որ ՀՀԿ-ն իրատեսական ծրագրեր ունի, առանց պոպուլիզմի՝ անվտանգություն ու առաջընթաց երաշխավորող, ուստիեւ կոչ է արել ՀՀԿ-ին ձայն տալ: Որ ՀՀԿ-ում սերնդափոխության հարցը անլուրջ թմբկահարում է, դա էլ երեւաց Արմավիրում:

Հարթակում գաղափարական քարոզիչների կողքին շարվել էին ՀՀԿ-ի աստղաբույլը՝ Նահապետ Գեւորգյան՝ Նովո, Ալիկ Պետրոսյան՝ ՄԱՊ-ի Ալիկ, գեներալ Սեյրան Սարոյանը իր ձեռնափայտով հանգույն,Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, որոնք ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի թեկնածուներն են: Հետ չէր մնացել նրանց չզիջող նույնքան հռչակավոր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որի թույլ տված չարաշահումների մասին մարզում լեգենդներ են շրջում: Չհասկացվեց նաեւ նրա գերակտիվությունը, բեմահարթակին ծափ-ծիծաղը : Ընդ որում թեկնածուների ներկայությունը դեկորատիվ չէր, նրանք աննախադեպ ակտիվության մեջ էին, Սեյրան Սարոյանն էր սազն առել, վարչապետին գովում, թե ոնց է զրոյից Գազպրոմ դարձրել, ՄԱՊ-ի Ալիկն էր գրեթե երդվում, որ ինքն ուրիշ ՀՀԿ-ական է ու երբեք ու այս անգամ էլ չի դիմելու ընտրակաշառքի օգնությանը: Թեեւ հանուն արդարության մականունավորներից ազատվելու, թարմ ու նոր կադրերով համալրվելու ՀՀԿ վերնախավի խոստումները ամբողջովին անհիմն չեն, որովհետեւ ընտրություններից հետո այս աստղաբուլից միայն մեկին, լավագույն դեպքում երկուսին է բախտ վիճակվելու խորհրդարան ոտք դնել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: