Ռոլանդը՝ Ռեինկարնացիայի համերգից հետո վարչապետի, ՀՀԿ երգի ու իրենց վարկանիշի մասին

Mar 10, 2017 1 Comment

Երեկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը, եւ չնայած համերգից առաջ հայտնի դարձավ, որ տոմսերի մոտ 10%-ը հետ է վերադարձվել, սակայն դահլիճը գրեթե լեփ-լեցուն էր, եւ ազատ տեղերը հաշվելի էին։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրը խմբի «Փոխիր քեզ»՝ ՀՀԿ-ի նախընտրական երգի տեսահոլովակի պրեմիերան էր։ Տեսահոլովակից հետո խմբի ֆեյսբուքյան էջում խմբի երկրապուգները քննադատական խոսքեր գրեցին, իսկ էջի գնահատման բաժնում՝ մեկեր տեղադրեցին։ Ի դեպ, չնայած այս ամենին, համերգի ժամանակ սկանդալային երգը հնչեց, բայց առանց որեւէ կոչի կամ ակնարկի, եւ որ առավել ուշագրավն է, հանդիսատեսը շարունակում էր նույն ոգևորությամբ ուրախանալ։

Այս եւ այլ հարցերի շուրջ Hayeli.am-ը զրուցել է խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի հետ․

-Ռոլանդ, համերգից ի՞նչ տպավորություններ ունեք, ձեր հանդիսատեսից հիասթափություն չզգացի՞ք։

-Բացարձակ չկար նման, ես ինքս եթե մի բան սիրում եմ, ցանկացած լավ բան, ինձ ոչինչ չի կարող խանգարել։ Այսքան ժամանակ, որ ստեղծագործել ենք, դեռ ինձ նման հարց չեմ տվել՝ կարո՞ղ է հիասթափվել են։ Կարեւորն այն է, որ մենք մեր դիմաց անկեղծ ենք։

-Խմբի վարկանիշի իջեցում չե՞ք զգում։

-Ինչի՞ց պետք է զգամ։

-Ձեր ֆեյբուքյան էջի գնահատականները հասել են 1-ի։

-Իսկ ձեր կարծիքով էդ 1-ն էս ամեն ինչի հետ կապ ունի՞ (նկատի ունի համերգը):

Ձեր մենեջերն ավելի վաղ ասել էր, որ այլ քաղաքական ուժերից եւս առաջարկներ ունեք եւ հնարավոր է նրանց առաջարկներն էլ ընդունեք։ Կա՞ նման բան, ինչի՞ չեք փակագծերը բացում։

-Այո, շատ կան առաջարկներ, բայց չեմ ասելու, որ ավելի հետաքրքիր լինի։

Այսինքն հնարավո՞ր է ընդդիմադիրների կողքին էլ լինեք։

-Եկողը պետք է Դոնալդ Թրամփի հետ լինի, որ ավելի հետաքրքիր լինի (ծիծաղում է):

-Իսկ ինչո՞ւ համերգի ժամանակ հնչեց այդ երգը։

-Իսկ ինչի՞ պետք է համերգի ժամանակ այդ երգը չհնչեր, սկսենք դրանից, դա իմ երգն է, ոչ մեկինը չէ։ Ես ցանկացած գործ անում եմ նախ մեզ համար՝ դա մեզ դուր կգա՞, թե՞ չէ, եւ հետո նոր ուրիշներին դուր կգա՞, թե՞ ոչ։

-Համերգի ժամանակ՝ առանց տեսահոլովակի ցուցադրության, երգն այդքան էլ չասոցացվեց ՀՀԿ-ի հետ։

-Ոչ թե էնքան էլ չէ, այլ ընդհանրապես չի ասոցացվում։

Միայն տեսահոլովակի հարվածային գործիքներ նվագողն էր ասոցացվում ՀՀԿ-ի հետ, չե՞ք կարծում։

-Դա ամենալավ բանն է, թող բոլոր քաղաքական գործիչները լինեն երաժիշտ։

Իսկ ի՞նչ զգացողություն ունեիք, որ ձեր տեսահոլովակում վարչապետն էր նվագակցում։

-Մեզ համար նորմալ էր, բայց շատերի համար շաաատ աննորմալ էր, բայց դե ոչինչ, լավ կլինի ամեն ինչ։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Ռոլանդը՝ Ռեինկարնացիայի համերգից հետո վարչապետի, ՀՀԿ երգի ու իրենց վարկանիշի մասին” հրապարակմանը

  1. Լուսիկ Սարոյան says:

    Շատ մեծամիտ; գոռոզ ու արդեն մարդկանց կարծիքն արհամարող այս երիտասարդը “շատ առաջ կգնա”; քանի որ թիկուքն արդեն ապահովել է հհկ նման թայֆայով