Իսկ դուք մեր փոխարեն ի՞նչ կանեիք

Mar 09, 2017 Comments Off on Իսկ դուք մեր փոխարեն ի՞նչ կանեիք

Հանրապետական կուսակցությունը մարտի 8-ին ազդարարեց ընտրարշավի մեկնարկը, որը վարում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Իհարկե, նա իր ոճի մեջ քարոզարշավը վերածեց հումորային կարճամետրած ներկայացումների, բայց Արմավիր քաղաքում հպանցիկ գովերգեց նաեւ ՀՀԿ-ի ծրագիրը՝ համարելով այն իրատեսական, զուրկ պոպուլիզմից: Վարչապետը խորհուրդ տվեց բոլորի ծրագրերին էլ ծանոթանալ, բայց վերջում կոչ արեց ընտրել ՀՀԿ-ին` ելնելով վերջինիս իրատեսական ծրագրից:

Անցած բոլոր ընտրություններին ՀՀԿ-ականները նույն գնահատական են տվել իրենց ներկայացրած ծրագրերին, այդուհանդերձ ի զորու չեն եղել իրագործել այդ ծրագրերի անկյունաքարային խոստումները, եթե չասենք մեծ հաշվով բոլոր խոստումներն են անկատար մնացել:

2012թ. ՀՀԿ ծրագրում իշխանություն ունեցող այս ուժը խոստանում էր «Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար»: Այնինչ՝ անցած տարիների ընթացքում հակառակորդն ինտենսիվ խոցեց մեր սահմանները, ու դիվերսիոն ներթափանցման բազում դեպքեր գրանցվեցին, որոնց արդյունքում տասնյակ զոհեր ունեցանք: Իսկ ապրիլյան պատերազմով հիմնահատակ փլվեց «Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան »-ի բոլոր երազանքները:

ՀՀԿ-ն գլխապտույտ հաջողություններ էր խոստանում նաեւ արտաքին քաղաքականության հարթությունում, միջազգային հարաբերությունների ամրապնդման, խորացման ու վստահելի գործընկեր դառնալու ուղղությամբ: Ծրագրի մի գլուխն էլ վերնագրված է «Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում»: Հայաստանի հեղինակությունը ոչ միայն չամրապնդվեց, այլ չեղած հեղինակությունը փոշիացվեց: Քանզի տարիներ շարունակ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի հանրապետության ղեկավարը մեկ գիշերվա ընթացքում տրամագծորեն հակառակ որոշում կայացրեց. 2013-ի սեպտեմբերի 3-ի չարաբաստիկ օրը հայտարարեց Եվրասիական միությանն անդամակցության մասին:

Միջազգային հանրությունը չզսպեց գնահատականները, տարբեր առիթներով մեզ որակեցին անվստահելի գործընկեր, դադարեցվեցին բազում ֆինանսական աջակցության ծրագրեր, Հայաստանը հայտնվեց ամոթալի վիճակում, որովհետեւ «Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին» խոստումը տվել էին իրենք՝ ՀՀԿ-ականներն անցած ընտրությունների իրենց ծրագրում:

Եւ ի վերջո, ՀՀԿ-ն , մի ուրիշ ձեւ ամրապնդեց մեր հեղինակությունը, որ մեր ռազմավարական դաշնակիցը սկսեց դաշնակցել մեր հակառակորդի հետ: «Ապահովելու ենք ֆինանսական կայունություն՝ ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը եւ հասանելիությունը», սակայն ընդամենը անցած տարի փոխարժեքի վայրկյանական տատանումները մի քանի օրվա մեջ կաթվածահար արեցին ֆինանսական շուկան:

«Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու միջին եւ փոքր բիզնեսի կայացման եւ զարգացման երաշխիքների ստեղծմանը: Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները»։ Այո, իհարկե, այսօր բանան, շաքարավազ ու առհասարակ ցանկացած ապրանքի ներկրման մենաշնորհը ոչ թե ընտրյալներինն է, այլ բոլորինը: Տնտեսության վիճակն այս տարիներին հասավ այն աստիճանի, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրը Կարեն Կարապետյանը չխուսափեց այն գնահատել <<չափազանց>> ծանր: Դե, հիմա մենք չենք, դուք եք, պարոն վարչապետ, այսքանից հետո կհավատա՞ք, ՀՀԿ-ի ծրագրերին:

Անի Սահակյան

Լուսանկարը CivilNet.am լրատվականի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: