Պարզվել է Հալաբյան փողոցում «06»-ի մեջ հայտնաբերված 30-ամյա երիտասարդի մահվան պատճառը. տեսանյութ

Mar 08, 2017 Comments Off on Պարզվել է Հալաբյան փողոցում «06»-ի մեջ հայտնաբերված 30-ամյա երիտասարդի մահվան պատճառը. տեսանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Հալաբյան փողոցի վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացած Օ. Ամարյանը մարտի 5-ին իր հորեղբոր թոռան՝ համագյուղացի, 30-ամյ Քյարամ Հաջոյանի հետ այցելել է Կոտայքի մարզ Արզնի գյուղ, որտեղ 2-րդ թաղամսում գտնվող կիսաքանդ շինությունից էլեկտրական մալուխներ գողանալու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է։ Նրան այնտեղից Ք. Հաջոյանը նշված ավտոմեքենայով տեղափոխել է Երևան և թողել Հալաբյան փողոցի վերջնամասում գտնվող կանգառի մոտ, իսկ հետո հեռացել նշված վայրից։

Փաստի առթիվ քննիչ Ա. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 109 հոդվածի հատկանիշով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։ Դշված վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել էին Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանի դին։ Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնել էր, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք, իսկ ավելի մանրամասն դիակի փորձաքննություն անցկացնելու համար տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանը նշանակել էր մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: