Փորձում են հասարակությանը զսպաշապիկ հագցնել․ Երվանդ Վարոսյանը՝ Դատախազության կոչի մասին

Mar 08, 2017 Comments Off on Փորձում են հասարակությանը զսպաշապիկ հագցնել․ Երվանդ Վարոսյանը՝ Դատախազության կոչի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունն օրեր առաջ նախազգուշական հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով նախընտրական փուլում զերծ մնալ սուտ մատնությունից կամ հայտարարությունից, այլապես պատիժը խիստ է լինելու: Հիշեցնենք, որ նոր ԸՕ-ով ընտրակեղծիքի հայտարարության մասին սուտ մատնության դեպքերը ենթակա են քրեական պատասխանատվության։ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանն այս հայտարարությունը ճնշող գործիք է համարում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

«Չարժեր նման հայտարարություն անել, չնայած վերջին տարիների պրակտիկան գնում է նրան, որ փորձ է արվում առհասարակ հասարակությանը լռեցնել հենց սուր մատնության համար պատասխանատավության ենթարկելու սպառնալիքով։ Այն դրսեւորվում  է ոստիկանների գործողությունների դեմ բողոքող անձանց նկատմամբ կիրառվելով, այժմ էլ փորձ է արվում նաեւ ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ կիրառել։ Չարժե եւս մեկ անգամ փորձել հասարակությանը զսպաշապիկ հագցնել, թե գիտեք ինչ տեսնում եք մի բարձրաձայնեք»,-ասաց փաստաբանը։

Երվան Վարոսյանի խոսքով՝ սուտ մատնությունն իհարկե հանցագործություն է, բայց այն վերաբերում է դեպքերին, երբ անձն ակնհայտ անմեղ անձին մեղադրում է հանցագործություն կատարելու մեջ, այսինքն հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ ակնհայտորեն իմանալով, որ զրպարտում եւ սուտ տեղեկություն է հաղորդում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այս նախազգուշացումը կարո՞ղ է տարածվել նաեւ ԶԼՄ-ների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրակաշառքի եւ նման դեպքերի մասին շատ հաճախ լրատվամիջոցներն իրենց աղբյուրներին հղում կատարելով են գրում, Վարոսյանը պատասխանեց․

«Լրատվամիջոցների վրա ուղիղ տարածվել չի կարող, որովհետեւ իրենք հանցագործության  մասին հաղորդում, որպես այդպիսին, չեն տալիս, նման հոդվածով՝ հանցակազմով նախատեսված կարող է ենթարկվել անձը, որը Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գրավոր հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Այդ առումով լրատվամիջոցն անմիջականորեն պատասխանատվություն գուցե չկրի, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ակնարկն ինքնին խոսուն է, եւ հետագայում կարող են միջոցներ ձեռնարկվել, որ նաեւ լրատվամիջոցը պատասխանատվության ենթարկվի»,-ասաց Երվանդ Վարոսյանը։

Մեր հիշեցմանը, որ ժամանակին 4+4+4 ձեւաչափի շրջանակում ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ գործող ուժի հետ համաձայնագիր կնքեցին նոր ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ, սակայն արդյունքում ընտրակաշառքի մասին սուտ մատնության դեպքերը քրեականացվեցին, հարցին, թե սա ինչի մասին է խոսում, Վարոսյանն ասաց․

«Ակնհայտ է մի բան, որ իշխանությունը կարող է համաձայնության էլ գալ, հուշագրեր էլ ստորագրել, բայց  բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ սահմանագիծն ավարտվում է այնտեղ, որտեղ կարող է վտանգվել իշխանության իշխանությունը, իսկ մինչ այդ  ինչքան ուզեն օրենքներ կփոխեն, հոդվածներ կավելացնեն նաեւ Քրեական օրենսգրքում»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: