Բոլոր ձվերը մի զամբյուղում չի ուզում դնել

Mar 05, 2017 Comments Off on Բոլոր ձվերը մի զամբյուղում չի ուզում դնել

Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է ԵՄ ու ԵՏՄ գործակցություն: Սերժ Սարգսյանի համար օրինակն ըստ երեւույթին այն է, որ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ հետ գործակցության շրջանակային համաձայնագիր:

Ըստ Սերժ Սարգսյանի, այն քաղաքական մասով գրեթե նույնն է, ինչ Ասոցացման համաձայնագրի դեպքում, որից սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Սերժ Սարգսյանն ազատվեց առանց մտածելու։

«Ի սկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք համատեղության մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսաստանը երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք: Եվրասիական տնտեսական միության անդամ չլինելու դեպքում դուք պարտավոր կլինեք էներգակիրները գնել միջազգային գներով»,- հայտարարել է Սարգսյանը՝ պնդելով, որ հնարավոր է համագործակցությունը երկու դաշտում։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, միանգամայն իրատեսական գնահատեց վերջինի՝ կոմպլեմենտար քաղաքականության մասին վստահեցումները․«Այո, անվտանգության մասով մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործության պլաններ, իսկ քաղաքական հարցերով մենք ազատ ենք։ Սա կոմպլեմենտար քաղաքականություն է, եւ Հայաստանը «բոլոր ձվերը մի զամբյուղում չի ուզում դնել», մանավանդ, որ էդ զամբյուղում կա մի մեծ ձու»։

Լեւոն Շիրինյանի խոսքով Հայաստանն ունի իր շահերը եւ պետք է օգտագործի ցանկացած շանս։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հենց սկզբից, երբ բանակցում էին, Հայաստանը խոսում էր եւ-եւ-ի մասին, այսինքն թե Ասոցացման համաձայնագիր, թե ԵՏՄ անդամակցություն։

Լեւոն Շիրինյանից հետաքրքրվեցինք, թե իրականում ինչ կարող է տալ այդ համաձայնագիրը Հայաստանին, եթե Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականությունը թելադրվում է Ռուսաստանի կողմից, անգամ որոշ տեղեկություններով կադրային քաղաքականությությունն է որոշվում Կրեմլում: «Ես դրան չեմ հավատում, դրանք պատվիրված քարոզչական տարրեր են։ Ամեն դեպքում թող Հայաստանը իրականացնի Եվրոպայի հետ իր ծրագիրը, իսկ եթե Ռուսաստանը դրան կխոչընդոտի, թող այստեղ հակադրվեն, այն էլ ոնց հակադրվեն», – առաջարկեց մեր զրուցակիցը։

Շիրինյանը հարկ համարեց հիշեցնել, որ «Սուլթան համիդից սկսած» թե Եվրոպայի, թե Ռուսաստանի՝ Հայաստանին տված երաշխիքներն առոչինչ են եղել, ուստի մենք պարտավոր ենք մեր ինքնուրույն քաղաքականությունը վարել․«Քաղաքականությունը կարկանդակի տեսք ունի, ծալքերով բուրգի նման, այդ համաձայնագիրն էլ մի ծալք է լինելու»։

Շիրինյանը նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին չհայտարարեր Մաքսային միությանն անդամակցելու մասին, ապա մենք հիմա հայտնվելու էինք Ուկրաինայի կարգավիճակում։ «Իրականում մեր երկիրը չի զարգանում ոչ թե այս կամ այն միության պատճառով, այլ օլիգարխիայի հանցանքի արդյունքում։Բանակում եթե կողոպուտ է, ոչ թե ռուսն է մեղավոր, այլ մեր ճարպակալած գեներալը, նա չի ասում՝ զինվորի կոշիկի փողը կուտես, քո աղջիկների համար մեքենա կառնես»։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: