«Հրավիրում եմ Արտակ Սարգսյանին հեռուստատեսային բանավեճի, բայց չի գա»․ Կարինե Հակոբյան

Mar 03, 2017 Comments Off on «Հրավիրում եմ Արտակ Սարգսյանին հեռուստատեսային բանավեճի, բայց չի գա»․ Կարինե Հակոբյան

Hayeli.am-ի զրուցակիցն է թիվ 2 ընտրատարածքում Հայկական վերածնունդ կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հրապարակախոս, հասարակագետ Կարինե Հակոբյանը․

-Տիկին Հակոբյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, Ձե՞ր որոշումն է եղել, թե՞ կուսակցության։

-Կարող եմ ասել, որ համատեղ որոշում է եղել, ես մի քիչ տատանվում էի՝ իմանալով քաղաքական իրավիճակն ու բոլոր այն դժվարությունները, որոնք կան ընտրությունների ընթացքում: Նաև հիմնական շարժառիթներից մեկն  այն է, որ  ընտրություններին, դժբախտաբար, իրենց թեկնածությունը չեն դնում այն մարդիկ, որոնք իրականում հենց պետք է դնեն: Հակառակը մասնակցում է հասարակության այն հատվածը, որը որեւէ կապ չպետք է ունենա ԱԺ-ի հետ, մարդիկ, ովքեր քաղաքականության շնորհիվ երկար տարիներ իրենց սեփական բիզնեսն են զարգացրել և մեծ ֆինանսական կապիտալ կուտակել: Այդ տեսակետից ես ինձ օտար մարմին եմ զգում այդ մրցապայքարում, որովհետեւ այն միջոցները, որոնք կիրառվում են, ինձ համար անընկալելի են։ Դա էր պատճառը, որ տատանվում էի։ Սակայն որոշումը կայացված է և կարծում եմ դա ճիշտ որոշում է: Ես գտնում եմ, որ մարդիկ, ովքեր մտահոգված են պետական, հասարակական, ազգային խնդիրներով, և դա փաստվում է նրանց կենսագրությամբ և աշխատանքային գործունեությամբ, հենց այդ մարդիկ պետք է հաղթահարելով հոգեբանական արգելքները, մասնակցեն քաղաքական պայքարին:

-Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ որպես օրենսդիր։

Գիտեք, որ միշտ ակտիվ եմ եղել հասարակական գործունեությամբ: Իմ բողոքն եմ հայտնել շատ օրենքների ընդունման դեմ: Դա վերաբերում է ե՛ւ տնտեսական, ե՛ւ բնապահպանական, ե՛ւ կրթական, ե՛ւ մշակութային ոլորտներին: Չկա մի բնագավառ, որտեղ մեր օրենսդրությունը լավ վիճակում է: Այս տարիների ընթացքում, բոլոր ոլորտներն ապականվել են։ Մենք վատ օրենսդրության պայմաններում ենք ապրում հենց այն մարդկանց պատճառով, որոնք նորից ուզում են գալ Ազգային ժողով եւ շարունակել իրենց սեւ գործը։ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, օրինակ, Շահումով խաղերի մասին օրենքն ընդունվեց, երբ խաղատները որոշեցին Երևանից տեղափոխել Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան: Եվ այսօր այդ երեք՝ արդեն ձևավորված,  անուն ունեցող, կարելի է ասել բրենդային հանգստի և առողջարանային քաղաքների ապագան վտանգված է։ Եւ եթե դրա դեմը չառնենք, խաղատները պարզապես կապականեն Հայաստանի այդ երեք՝ բնության հրաշք հանդիսացող մարգարիտները։ Իրականում օրենքը հակասահմանադրական է, որովհետև չի կարելի մայրաքաղաքի և հանրապետության մյուս բնակիչների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալ:

Ձեր ընտրատարածքում առաջադրված մրցակիցներին ինչպե՞ս կգնահատեք, այնտեղ մի քանի մականունավոր գործիչներ կան, իրենց դեմ պայքարն ինչպե՞ս եք տեսնում։

-Ի պատիվ Հայկական վերածննդի պետք է ասեմ, որ մեր ընտրատեղամասում առաջադրված 14 թեկնածուները բոլորը  մտավորական և ազնիվ մարդիկ են: Սական մյուս կուսակցությունների հետ մրցակցությունում, և իհարկե, հիմնականում ՀՀԿ-ի, մրցակցության լրիվ ուրիշ պայմանների մեջ ես հայտվում, երբ, պարզապես ընդհանուր որևէ եզր չկա մրցակցելու համար։ Ես նկատի ունեմ սուպերմարկետների տերեր, այսինչի տղա, այնինչի փեսա և այլն։ Մենք բոլորս գիտենք, թե ինչու են մարդիկ, որոնք իրենց բնույթով որևէ կապ չունեն օրենսդիր և պետական աշխատանքի հետ, ձգտում գալ քաղաքական ասպարեզ: Եվ քանի որ ամեն ինչ պարզից էլ պարզ է, մենք բոլորս նրանց պետք է ասենք՝ ոչ: Ես մասնակցում եմ այս ընտրություններին հասարակությանը տալու մեկ այլ ընտրության հնարավորություն։ Եվ ինձ համարում եմ ոչ թե նրանց մրցակից այլ՝ այլընտրանք:Ես չեմ այդ մյուս տեսակի հետ չեմ մրցակցում, քանի որ նրանք իրենց բնույթով ինձ մրցակից չեն, նրանցից ոչ մեկը, եթե հրավիրենք, չի գա հեռուստատեսային բանավեճի ինձ հետ,  օրինակ՝ Արտակ Սարգսյանը, երբեք չի գա։ Էլ ինչ նախընտրական քարոզչության, կամ մրցակցության մասին է խոսքը:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ իրեն հրավիրում եք բանավեճի։

Այո, ես հրավիրում եմ Արտակ Սարգսյանին բանավեճի:

-Տիկին Հակոբյան, իսկ ի՞նչ եք անելու, որ ընտրողները ապրիլի երկուսին գնան ընտրության, քանի որ հասարակության մի ստվար հատված, որը հիասթափված է ընտրություններից, փորձում է չմասնակցելու միջոցով իր բոյկոտն արտահայտել։

Եթե այս ընտրությունների դեմ կազմակերպված համընդհանուր բոյկոտ անելու հնարավորություն լիներ, ես ինքս կմասնակցեի, բայց բոլորս գիտենք, որ դա հնարավոր չէ։ Պարզապես, լինելու են մարդիկ, ովքեր չեն գնալու ընտրության եւ դրանով ավելի շատ հնարավորություն են տալու իշխանություններին օգտագործելու այդ բացակա ձայները։ Այդ իսկ պատճառով ճիշտ է չհուսահատվել, ինչպես ես չեմ հուսահատվել ու գնացել եմ այդ քայլին՝ իմ թեկնածությունը դնելով, այդպես էլ մյուսները, ովքեր մտահոգ են երկրի վիճակով, ուզում են փոփոխություն տեսնել մեր երկրում, պետք է այդ օրը տնից դուրս գան, գնան ընտրատեղամաս եւ կատարեն իրենց ընտրությունը։ Ճիշտ մարդկանց ընտրելը նույնպես պատասխանատու գործ է: Դա էլ հայրենասիրության մի դրսևորում է:

Տիկին Հակոբյան, դուք «Ժառանգության» նախկին անդամ եք, կուսակցության քարտուղարն եք եղելերկու տարի, ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգության» վերջին շրջանի փոփոխությունները, Անահիտ Բախշյանի եւ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից դուրս գալը։

-Իրականում շատ ցավում եմ, ես առաջինն էի, որ կանխատեսեցի «Ժառանգության» քայքայումը, որովհետեւ ես դուրս եկա 2012 թվականին: Ինձ համար ակնհայտ էր, որ կուսակցությունը չունի հեռանկար, որովհետեւ էապես շեղվել էր արդեն իր ուղուց: Շատ ցավում եմ, որ կանխատեսումս իրականացավ։ Ցավում եմ նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը ընտրություններին չի մասնակցում, որովհետեւ քաղաքական դեմք է, եւ ես հիմա չգիտեմ, թե այդ կուսակցությունում այլեւս ով է մնացել։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: