Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշում է, որ Ղարաբաղ մուտք գործելը հանցավորություն է բնակիչների դեմ․ Արա Ղազարյան

Mar 03, 2017 Comments Off on Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշում է, որ Ղարաբաղ մուտք գործելը հանցավորություն է բնակիչների դեմ․ Արա Ղազարյան

Ադրբեջանն իրավասու չէ միջազգային հետախուզում հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լյուքսեմբուրգի քաղաքացի Ֆրանկ Էնգելի, Կիպրոսի քաղաքացի Էլենի Տեոխարուսի եւ Չեխիայի քաղաքացի Յարոմիր Շտետինայի նկատմմաբ միայն նրա համար, որ մասնակցել են ԼՂ սահմանադրական հանրաքվեին։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը․

«Հիմքը, որով Ադրբեջանը դիմում է, հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում՝ Ինտերպոլի կանոնադրությանը։ Ադրբեջանի իրական հիմքն այն է, որ այդ մարդիկ կարծիք են հայտնել Ղարաբաղի անկախության մասին, մասնակցել են հանրաքվեին եւ գնահատել այն։ Նման հիմք քրեական իրավունքում չկա։ Ադրբեջանը փորձում է պայքարել հանցավորության դեմ, արգելել մարդուն անօրինական տարածք մուտք գործել, բայց Ադրբեջանը չի կարող Ղարաբաղի ժողովրդի անունից որոշել՝ որն է հանցավորություն, որը՝ չէ։ Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշում է, որ Ղարաբաղ մուտք գործելը հանցավորություն է բնակիչների դեմ, ինչն աբսուրդ է»,-ասաց Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ ըստ Ինտերպոլի կանոնադրության, չի կարելի մարդկանց  հետապնդել միայն քաղաքական հայացքների համար։

«Որքան Ադրբեջանը նման քայլեր անի, այնքան կբացահայտվի նրա՝ քրեական հետապնդման իրական հիմքերը, եթե իրական հիմքը խտրականությունն ու ռասիզմն է, քրեական հետապնդման հիմք չի կարող հանդիսանալ։ Գնալով ավելի է բացահայտվում, քանի որ արդեն թիրախ է վերցնում հայտնի դեմքերին՝ եվրոպացի պատգամավորներին, դիվանագիտական հատուկ կարգավիճակ ունեցող անձանց։ Ու բնականաբար հարց է առաջանում սովորական մարդկանց մոտ, թե ի՞նչ պետք է արած լինեն եվրոպացի պատգամավորները։ Պարզվում է՝ գնացել են մի  տարածք, որը ճանաչված պետություն չէ եւ մանսակցել են մի ակցիայի, որը չճանաչված ակցիա է, ինչը հանցագործություն չէ»,-ասաց փաստաբանը։

Արա Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ մարդու արտահայտվելն իր մեջ չի պարունակում ռասիզմ, ժխտողականություն, ապա այն հանցագործություն չէ, եւ Ինտերպոլը չի կարող ներգրավվել այդ գործընթացում։

«Քրեական հետապնդման նպատակն է մարդկանց որոշակի խմբի պաշտպանել հանցավորությունից, այս դեպքում Ղարաբաղում ապրող բնակչությանը, հիմա Ադրբեջանի կառավարությունը որոշել է Ղարաբաղի բնակչության փոխարեն որոշել, թե որն է հանրորեն վտանգավոր արարք, որը՝ ոչ Ղարաբաղի բնակչության համար։ Եւ որոշել է, որ եթե օտարերկրացին մուտք է գործել Ղարաբաղ, դա հանրորեն վտանգավոր է բնակչության համար, սա աբսուրդ է, ինքը չունի այդ մանդատը Ղարաբաղի ժողովրդի կողմից»,-ասաց Արա Ղազարյանը։

Սեդա Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: