«Հողն» Ալիևի ոտքերի տակից գնում է. Երևանի ու Ստեփանակերտի ճնշումը

Mar 05, 2017 Comments Off on «Հողն» Ալիևի ոտքերի տակից գնում է. Երևանի ու Ստեփանակերտի ճնշումը

Ռուսական Gazeta.ru-ին հարցազրույց է տվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը խոսելով սպառազինության հետ կապված հարցերի մասին, համոզմունք է հայտնել, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Իսկ հավասարակշռության խախտման միտումների պատճառը, ԼՂ նախագահի խոսքով` «պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է» դարձել։

Վերջին մի քանի օրերի ընթացքում նախ Հայաստանի պաշտպանության նախարարը, ապա ԼՂՀ նախագահը խոսում են «Իսկանդերի» հատուկ «նշանակության» մասին: Ակնհայտ է, որ թե պաշտոնական Երևանը, թե Ստեփանակերտը փորձում են Ադրբեջանին հետ պահել արկածախնդրությունից` հիշեցնելով «Իսկանդերի» գոյության մասին:

Այսինքն, գործում է «Իսկանդերի», առայժմ, զսպող գործոնը, որի մասին Ալիևը վստահաբար չի էլ մոռացել, սակայն նա ընտրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու ռազմավարություն, դա ունի իր պատճառները:

«Հողը» Ալիևի ոտքերի տակից գնում է, ինչպես ասում են, ԼՂ-ի կարգավիճակը որոշելու հարցը ոչ ոք չի բացառում: Ավելին` սահմանադրական հանրաքվեին հարյուրից ավելի միջազգային դիտորդների առկայությունը ապացույց էր, որ վաղ թե ուշ ԼՂՀ պետք է միջազգայնորեն ճանաչվի:

Այսօր արդեն Բակո Սահակյանն անդրադառնում է ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ գործակցության հեռանկարներին. «Մենք հետաքրքրված ենք, որ մեծացնենք մեր ապրանքների ներմուծման ու արտահանման աշխարհագրությունը և օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի շուկաները մեզ առավել հետաքրքիր են։ Մենք արդեն հարթել ենք փոխշահավետ կապեր և մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել ու խորացնել տնտեսական գործակցությունը նրանց հետ»։

Ավելին` նախօրեին մեկ այլ ուշագրավ քայլ է կատարվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելել են Արցախ: Նրանք ծանոթացել են հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հերթական ռազմական արկածախնդրությունների արդյունքում տիրող իրավիճակին, հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում խոսել է Արցախի միջազգային ճանաչման թեմայի մասին պատասխանելով հարցին, թե այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց, կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի: «Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։ Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու», պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանը նաև պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված սահմանին վերջին շրջանի լարվածությունը. «Դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները»:

Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն, այսպիսով, անցել են նաև հոգեբանորեն Ադրբեջանին ճնշելու մարտավարության: Անկախ նրանից, թե դա կտա՞ արդյունք անկանխատեսելի, ու ադեկվատությամբ չփայլող Ալիևի պահվածքում, միանշանակ է, որ հայկական դիվանագիտությունը չպետք է զիջի սահմաններում ամրությանը պահպանմանը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: