Քաղաքապետ ու ավագանու անդամ լինելն ինձ համար կյանքի նպատակ չէ․ Քրիստ Մարուքյանը՝ Մամիկոն Ասլանյանի հորդորին

Mar 01, 2017 Comments Off on Քաղաքապետ ու ավագանու անդամ լինելն ինձ համար կյանքի նպատակ չէ․ Քրիստ Մարուքյանը՝ Մամիկոն Ասլանյանի հորդորին

Վանաձորի ՏԻՄ ընտրություներից ամիսներ անց ավագանու նիստերի թնջուկը չի լուծվում, եթե նախկինում նիստերը բոյկոտում  միայն ընդդիմադիրները, ապա երեկ միացան նաեւ իշխող ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները՝ այն էլ քաղաքապետի հորդորով։ Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արտահերթ նիստ էր հրավիրել, որը չկայացավ, քանի որ միայն ինքն էր ներկայացել։ Ըստ Ասլանյանի՝ սա եւս մի մեսիջ է ուղղված ընդդիմադիրներին՝ գալ նիստերի։

Ընդդիմադիրների բոյկոտը ՀՀԿ-ական քաղաքապետը սաբոտաժի է  նմանեցնում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։ Վերջինիս խոսքով՝ իրենք չեն բոյկոտելու նիստերը, առաջիկայում արդեն օրը պարզ կլինի․

«Կորոշենք հաջորդ նիստը երբ ենք հրավիրելու, տեղյակ կպահենք բոլորին»,-ասաց Ասլանյանը՝ կրկին հորդորելով, որ ընդդիմադիրները գան նիստի։

«Իրենք մեր համաքաղաքացիներն են, քաղաքական նկրտումների համար կեղծ պայքարի փուլ են մտել սեփական քաղաքի հետ, մենք հո էդ պայքարի մասը չե՞նք կազմում, մեր խնդիրը Վանաձորն է եւ Վանաձորի զարգացման համար տարբեր ատյաններում ամեն ինչ անում ենք քաղաքի ապագային վերաբերող հարցերի քննարկումներին մասնակցելու համար։ Բնական է՝ կուզենայինք, որ ավագանու մյուս անդամներն էլ լինեն, մանավանդ որ չեմ կարծում, թե հինգ տարի բոյկոտի պայմաներում են մնալու»,-ասաց նա։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հաջորդ նիստերում որոշեք ավագանու լիազորությունների դադարեցման մասին եւ անցնեք միաձնյա կառավարման, քաղաքապետն ասաց․

«Հավակնոտ չեմ, պատկերացումներ ունեմ կյանքի մասին, որ միանձնյա ղեկավարումից բացի միաձնյա պատասխանատվության խնդիր կա, իսկ  քաղաքի առջեւ ծառացած խնդիրները բազմազան են։ Կուզենամ, որ կոլեկտիվ աշխատանքի պայմաններում լինի»։

Ինչ վերաբերում է ավագանու որոշ անդամներին լիազորություններից զրկելուն, Ասլանյանն ասաց, որ ՏԻՄ-ի մասին օրենքում համապատասխան դրույթ կա, բայց ինքն այդ մասին դեռ չի մտածում։

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ եղանակները բացվելուն պես Վանաձորում տարբեր շինաշխատանքներ  պիտի ակտիվանան, որոնց համար  ավագանու միջամտությունն է հարկավոր։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը քաղաքապետի դիտարկմանը հարցով է պատասխանում․

«Հոկտեմբերի 10-ին քվեարկության  արդյունքում ավագանու 19 անդամ քվեարկել է Մամիկոն Ասլանյանի օգտին, ի՞նչն է  խանգարում, որ այդ անդամները գան նիստին ու քաղաքի զարգացման ծրագրերի որոշումներ իրականացնեն»։

Քրիստ Մարուքյանն ամենեւին չի ուզում լսել Մամիկոն Ասլանյանի հորդորները, ասում է՝ հոկտեմբերի 10-ից միայն հորդոր են լսում, բայց այն սխալ հասցեով է ուղղված․

«Մենք էլ ասում ենք՝ ովքեր քվեարկել են, նրանց հորդորեք»,-ասաց նա։

Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ քաղաքապետը ավագանու ընդդիմադիր անդամների եւ մանսավորապես ձեր լիազորությունների դադարեցման պահանջով հանդես գա, Մարուքյանն ասաց․

«Դրա համար էլ  է պետք ավագանու նիստ անել, որ որոշվի հնարավո՞ր է ավագանու անդամին իր լիազորություններից զրկել, հետեւաբար նիստ ամեն դեպքում պետք է անել։ Իսկ քաղաքապետ ու ավագանու անդամ լինելն ինձ համար կյանքի նպատակ չի եղել, որ սարսափեմ, այն պետք է ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը»։

Մեր հիշեցմանը, որ այդքան վանաձորցիներ իրենց քվեն ձեզ են ուղղել, չի՞ ստացվում, որ չեք արդարացնում իրենց սպասելիքները՝ նիստերին չգնալով, մեր զրուցակիցն ասաց․

«Նման արձագանքներ չենք ստացել վանաձորցիներից, որովհետեւ իրենք տեսան, թե ինչ պայմաններում գործող քաղաքապետն ընտրվեց»։

Մեր ճշտող հարցին՝ ողջունո՞ւմ են ձեր բոյկոտը, Մարուքյանն ասաց․

«Չեն ողջունում, բայց հասկանում են, որ կիսատ մնացած հարց կա, եւ այն մարդիկ, ովքեր աջակցում էին մեզ, ասում են, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանու առաջին եւ դեռւս միակ նիստում 19 քվեով քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, իսկ ընդդիմադիրները հրաժարվեցին ասել, թե ով է ՀՀԿ-ականին իր քվեն տվել, եւ սկսեցին նիստերը բոյկոտել։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: