Կոմանդոսը՝ շփման գծում վերջին սրացումների մասին. Թուրքիան է որոշում ինչ գույնի լույս վառի

Mar 03, 2017 Comments Off on Կոմանդոսը՝ շփման գծում վերջին սրացումների մասին. Թուրքիան է որոշում ինչ գույնի լույս վառի

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) այն կարծիքին է, որ պետք չէ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնածավալ պատերազմական գործողությունների մտավախություն ունենալ։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը։

«Չնայած շատերն են այն կարծիքին, որ կլինի ապրիլյան բլից-կրիկ, ես այդ կարծիքին չեմ, Ադրբեջանը չի կարող միանյակ որոշել՝ ինչ անի մեր դեմ, ինքը միշտ խորհրդակցում  է Թուրքիայի հետ, ու Թուրքիան է որոշում ինչ գույնի լույս վառի։ Կարծես թե դեղին լույս է տվել եւ ոչ կանաչ»,-ասաց նա։

Արցախյան պատերազմի հերոսի խոսքով՝ հակառակորդի կողմից նոր հարձակում չի լինի, իրենց զինվորների դիակները հանելով ամեն ինչ կավարտվի, ու լարվածությունն աստիճանաբար կանցնի։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձ եղավ, որոնք կասեցրին Արցախի ՊԲ սոտրաբաժանումները՝ մարդկային կորուստների հասցնելով հակառակորդին։

«Իրենք այլ ելք չունեն, հերթական սադրանքներով պետք է իրենց ժողովրդին ցույց տան, որ պատրաստվում են  հողերն ազատագրեն, բայց ի՞նչ ազատելու մասին է խոսքը, եթե դա իրենց հողը չէ․ավելի լավ է իրենց ժողովրդի մասին մտածեն»,-ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի արեւելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ վերջին շրջանում հակառակորդի հարձակման փորձերին, ապա արցախյան հերոսն ասաց․

«Մարտունու կողմից մեր դիքերը շատ ավելի լավն են, իսկ իրենց պաշտպանական դիրքերն ավելի թույլ են, փորձում են ցույց  տալ,  որ այդ ուղղությամբ գործողություններ են սկսում։  Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ փորձեցին Ասկերանի ու Մարտունու  շրջաններով հարձակումներ անել, բայց այդ ուղղություններով չեն կարող գործողություններ անել,  չեն կարող հաջողության հասնել»,-ասաց Կոմանդոսը։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: