Խուճապ էր, ցնցումը շատ ուժգին էր․Կապանի՝ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին

Mar 01, 2017 Comments Off on Խուճապ էր, ցնցումը շատ ուժգին էր․Կապանի՝ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին

Այսօր առավոտյան 5 բալ ուժգնությամբ Կապանում գրանցված երկրաշարժը խուճապ է առաջացրել կապանցիների մոտ․ տարհանված բնակիչներն ի սկզբանե չեն հասկացել, թե ինչ ցնցում էր։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետի խոսնակ Արմինե Ավագյանը․

«Այդ պահին խուճապ էր, որովհետեւ շատ ուժեղ ցնցում էր, ուժեղ ձայն։ Տարհանվել էին բոլոր կազմակերպությունների աշխատակիցները կրթոջախներից դուրս են հանվել երեխաները եւ որոշ ժամանակ դրսում մնացել, որովհետեւ մոտ 10 րոպե անց  հետցնցնում  եղավ մի քիչ ավելի թույլ»,-պատմեց խոսնակը։

Արմինե Ավագյանի խոսքով՝ սկզբում տեղեկատվություն չկար, թե ինչ ցնցում է․

«Երկրաշարժ է, թե ինչ-որ պայթյուն, ձայնը նման էր պայթյունի, հետո խուճապային լուրեր տարածվեցին, որ դպրոցի շենք է փլուզվել, բայց դրանք հերքվեցին»,-ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը՝ վստահեցնելով, որ քաղաքում նյութական եւ այլ վնասներ չկան։

«Հետո արդեն բոլորն անցել  են բնականոն աշխատանքի՝ չնայած վախը շարունակվում է,  որոշ տեղերում  ծնողները երեխաներին դպրոցներից ու մանկապարտեզներից տուն են տանում»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ սեյսմիկ կենտրոնից համապատասխան հրահանգ են ստացել, որ վտանգը մարել է, ուստի կարող են անցնել իրենց աշխատանքին։

Ի դեպ, ցնցումի ժամանակ քաղաքում ինտերնետային եւ հեռախոսային կապը խափանվել է․

«Չգիտեմ երկարաշարժի հետ էր կապված թե կապի գերծանրաբեռնվածության, որ բոլորը զանգում էին միմյանց, որոշ ժամանակ կապը խափանվել էր, հետո արդեն վերականգնվեց»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: