«Էնքան ծեծողներ կան, ինքը պետք է ծեծե՞ր»․Փարպիի գյուղապետը՝ Բազմասեր Առաքելյանի մասին

Feb 28, 2017 Comments Off on «Էնքան ծեծողներ կան, ինքը պետք է ծեծե՞ր»․Փարպիի գյուղապետը՝ Բազմասեր Առաքելյանի մասին

Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանը հերքում է այն տեղեկությունը, որ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայրենի գյուղում ծեծի է ենթարկել բնակիչներից մեկին․

«Էդ ո՞վ ա ձեր խելքը մտցրել, որ պատգամավորը մարդ ա ծեծել, պատգամավորը կարա՞ մարդ ծեծի, մարդ ծեծելով պատգամավոր կընտրվի՞»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։

Վերջինիս խոսքով՝ իրենք այդ օրը «քեֆ են արել», ընդ որում ոչ միայն համագյուղացիներով, այլ նաեւ հարեւան գյուղերի բնակիչներով․

«Էդ օրը մինչեւ ժամը 11-ը մեր համակիրների հետ եղել ենք ձորում, էդ ո՞նց մարդ ծեծեց, որ մենք չտեսանք։ Էնքան ծեծողներ կան, ինքը պետք է ծեծե՞ր»,-ասաց Առաքելյանը։

Պարզվում է՝ գյուղապետն ԱԺ պատգամավորի հորեղբայրն է, ինչի  համար էլ խոստովանեց՝ այս հարցի հետ կապված լրագրողների հարցերից «ներվայնանում է»:

«Խնդրում եմ՝ էս հարցով էլ չզանգեք, էդ կլաուզաներին վերջ տվեք։  Չգիտեմ, որ դեպուտատի թեկնածուի պատվերով եք սա կատարում»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ ձեր գյուղի բնակիչն է ահազանգում իրեն ծեծի ենթակելու դեպքի մասին, գյուղապետն ասաց, որ հայտարարություններում անգամ վերջինիս անուն ազգանունը չկա:

«Գյուղում պատգամավորի հինգ թեկնածու կա, ուրիշների մասին ինչի՞ չեք գրում։ Ես իր հորեղբայրն եմ, դրա համար եմ շատը ներվայնանում»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ ստացվում է ազգակցական կապ ունեք Բազմասեր Առաքելյանի հետ, ուստի չեք կարող օբյեկտիվ լինել այս հարցում, վերջինս ասաց․ «Իմ բարեկամն  է, բայց եթե նման բան է արել,  թող պատասխան տա, դուք կարող եք ճշտել, էդ օրը Նավոյի ձորում քեֆ ենք արել՝ 200 հոգով։ Մեր թիմակիցներով հավաքվել էինք տարբեր գյուղերից, ծանոթանում էինք, որ մի թիմով աշխատենք ընտրություններում հաղթելու համար»։

Գյուղապետը վստահեցրեց, որ անկուսակցական է եւ այդ խնջույքին հավաքվել էին իր զարմիկի համակիրները:

«Ի՞նչ կապ ունի կուսակցական չլինել-չլինելը, եթե մեկին հարգում են՝ հարգում են, ինչ կապ ունի ինչ կուսակցությունից է»,-ասաց նա՝ հավելելով, որ Բազմասերն իրենց գյուղում բազմաթիվ համակիրներ ունի։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: