«Ուտուշ-խմուշ ենք անում»․սահմանամերձ համայնքներում գարնան գալստյանն են սպասում

Feb 28, 2017 Comments Off on «Ուտուշ-խմուշ ենք անում»․սահմանամերձ համայնքներում գարնան գալստյանն են սպասում

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին հակառակորդի կողմից կրակոցներ չկան․ գյուղացիներն իրենց առօրյայով են զբաղված։
Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում վստահեցրին մի քանի համայնքների ղեկավարներ․
«Էս պահին հանգիստ է, արեւոտ եղանակ է՝ ի տարբերություն Երեւանի»,-ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Այնուհետև նշեց, որ իրենց առօրյայով են ղբաղված․ «Գիշերը՝11.30 եղել են կրակոցներ գյուղի ուղղությամբ, հիմա հանգիստ է, մեր առօրյայով ենք զբաղված։ Դուխներս տեղն է ամենակարեւորը»:

Ինչ վերաբերում է օրեր առաջ հակառակորդի կողմից Բաղանիսի կովերի վրա կրակելու դեպքին, գյուղապետն ասաց, որ կովերից մեկն անկել է, «երկուսին էլ ծնացրել են», այլ վնասեր գյուղը չունի։

Չինարիի նախկին գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ դիրքային կրակոցներ են եղել․ գյուղի ուղղությամբ հակառակորդը չի կրակել։
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը եւս վստահեցրեց, որ գյուղում խաղաղ է իրավիճակը․կրակոցները միայն դիրքային են եղել։

«Դպրոց, մանկապարտեզ իրենց առօրյայով աշխատում են»,-ասաց նա։
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը կրակոցների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց․ «Վայ, թու-թու-թու, չկան կրակոցներ»։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում ամեն ինչ կարգին է․ «Ընկերներով, հարազատներով ուտուշ-խմուշ ենք կազմակերպել, սպասում ենք, թե գարնան առաջին օրը երբ է գալու, նշում ենք»։

Ներքին կարմիր աղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանի խոսքով՝ իրենց գյուղում եւս խաղաղ է։

«Նորմալ է ամեն ինչ, կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ, միայն դիրքային»,-ասաց նա։

Մովսես համայնքի ղեկավարն էլ, վերցնելով հեռախոսը, միանգամից ասաց․ «խաղաղ ենք, խաղաղ» եւ ներողություն խնդրեց, որ գործերի պատճառով չի կարող երկար խոսել։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: