Եթե մի փաստաբան սնիկերս է հետը տանում, ՔԿՀ աշխատողները մարմնավաճառներ են կալանավորված անձանց մատուցում. Հ․ Ալումյան

Feb 25, 2017 Comments Off on Եթե մի փաստաբան սնիկերս է հետը տանում, ՔԿՀ աշխատողները մարմնավաճառներ են կալանավորված անձանց մատուցում. Հ․ Ալումյան

Զինված խմբի գործով ձերբակալված Վահան Շիրխանյանին տեղափոխել են Էրեբունի ԲԿ։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը․

«Ստանդարտ պայմաններ են, իհարկե շատ ավելի հարմարավետ է, քան բանտախուցը որում մինչեւ այժմ պահվել է»,-ասաց նա։

Հայկ Ալումյանի հետ զրուցեցինք փաստաբանների վերջին օրերի ահազանգերի մասին․

Պարոն Ալումյան,վերջին շրջանում փաստաբանների կողմից ահազանգեր են լինում ՔԿՀ-ում իրենց խուզարկելու դեպքերի մասին, Ձեզ հետ եղե՞լ է նման դեպք։

-Չէ ինձ չեն խուզարկել։

-Նյութե՞րն էլ չեն ուսումնասիրել։

-Չէ դա բացառված է, որ ես թույլ տամ նյութերս ուսումնասիրեն։

-Պարզապես վերջին օրերին նման ահազանգեր շատ եղան, ինչո՞վ եք այն պայմանավորում։

-Հիմա ինչ-որ գրոհ է սկսվել փաստաբանների նկատմամբ, չգիտեմ՝ ինչով է այն պայմանավորված, նախկինում այն, ինչ չէինք տեսել, հիմա սկսում ենք հանդիպել այնպիսի դրսեւորումների, որոնք ոչ միայն  չէինք տեսել, այլ նաեւ չէինք էլ մտածել, որ նման բան կարող է լինել։

-Ըստ Ձեզ ինչո՞վ է այն պայմանավորված։

-Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված, իրենք փորձում են այսպիսի մեկնաբանություն ներկայացնել, թե իբրեւ փաստաբանների նկատմամբ լիբերալ մոտեցումը, որ մինչեւ հիմա եղել է, որոշ փաստաբանների կողմից չարաշահվել է։ Իբրեւ որոշ փաստաբաններ չթույլատրված բաներ են տարել ներս եւ փորձում են խնդիրն էդպես ներկայացնել, բայց դա համոզիչ պատճառ չէ երկու հիմքով՝ նախ իրենք իրավունք ունեն նախքան կալանավորին փաստաբանի մոտ ներկայացնելը խուզարկել եւ խուզարկում են: Նաեւ իրավունք ունեն փաստաբանի ու կալանավորի առանձնատեսակցությունը դիտել՝ առանց  լսելու բովանդակությունը։ Երկրորդ՝ իրավունք ունեն կալանավորին հետ տանելուց նորից խուզարկել, իրենց վերահսկողության տակ է ցանկացած շարժում, որը կալանավորը կամ նրա փաստաբանը կկատարեն։ Կամ իրենց գործն են ուզում հեշտացնել, որ արգելված բան չփոխանցվի կամ այդ պատրվակն օգտագործելով դարձնեն փաստաբաններին ավելի վերահսկելի։ Ինչո՞ւ միայն  փաստաբանները, ՔԿՀ աշխատակիցները շատ ավելի կոպիտ խախտումներ են արել, որոնք վերջերս բացահայտվել են, անգամ մարմնավաճառուհիներ են  ներս տանում, եթե մի փաստաբան մի սնիկերս է հետը տանում, իրենք մարմնավաճառներ են տանում կալանավորված անձանց մատուցում։ Հիմա ի՞նչ, ՔԿՀ-ի բոլոր աշխատակիցներին ամեն անգամ պետք է խուզարկվե՞ն,  որ հանկարծ ուրիշ բան չտանեն։ Կամ ինչո՞ւ են մտածում, որ կարելի է փաստաբանի իրերը զննել, բայց չեն մտածում, որ նույն բանը կարելի է  քննիչի հետ անել։ Ես երկու բառով կարող եմ ասել՝ հերթական հիմարությունն է:Մեզ հիմա ասում են խնդիրը լուծվեց, փաստաբաններին իրավունք չունեն խուզարկելու, միայն զննելու փաստաթղթերը, բայց փաստաթուղթն իմ եւ իմ պաշտպանյալի համար  հենց  արտաքին տեսքից արժեք ունի,  այսինքն զննումը նշանակում է արտաքին տեսքին ծանոթանալ։ Եթե պաշտպնյալիս կողմից եվրոպական դատարան գանգատ եմ տանում, որպեսզի պաշտպանյալս ստորագրի,  մի հայացք նետելով այդ փաստաթղթին ամեն մարդ հասկանում ես, որ եվրոպական դատարանի գանգատի ձեւաթուղթ է, իսկ ես չեմ ուզում, ՔԿՀ-ում այդ մասին  իմանան։ Այն իմ ու իմ պաշտպանյալի բացարձակ իրավունքն է, ոչ ոք իր երկար քիթը չի կարող խոթել մեր փատաթղթերի մեջ, անգամ հեռվից։ Ենթադրում եմ, որ որոշ «պայծառ» ուղեղների մեջ գաղափար է ծագել փաստաբաններին դարձնել առավել կառավարելի, թող էդպիսի հույսեր չունենան ու միշտ նկատի ունենան, որ հնարավոր է իրենց համար շատ հանկարծակի  հենց իրենք ունենան  փաստաբանի կարիք ու ափսոսեն, որ իրենց բաժին է հասել լսող, ենթարկվող մի փաստաբան։

Փաստաբանը, եթե դարձավ կառավարելի, ասեն՝ էդ թուղթը ցույց տուր, մի հատ էլ գրպանդ բացի՝ էնտեղ ինչ է դրված, արդեն․․․Իսկ որ վաղ թե ուշ իրենց մի զգալի մասին փաստաբան է պետք լինելու, դա ես երաշխավորոմ եմ որպես քսան տարվա փորձ ունեցող փաստաբան։

Պարոն Ալումյան, իսկ ինչո՞ւ չէ Փաստաբանների պալատը հետեւողական լինում, որ պաշտպանների իրավունքները չոտնահարվեն։

-Չեմ ուզում գնահատականներ տալ, ես ի սկզբանե այն կարծիքին եմ եղել հիա եւս այդ կարծիքին եմ, որ յուրաքանչյուր փաստաբան պետք է լինի այնպիսի անհատականություն, որ իր առջեւ ծառացած խնդիրները կարողանա ինքուրույն ու մինչեւ վերջ  հաջողությամբ լուծել, որովհետեւ եթե քաղաքացիները մեզ են դիմում, որ իրենց խնդիրները լուծենք, ապա առնվազն մեր խնդիրները յուրաքանչյուրս պիտի կարողանանք լուծել։  Պալատը մեզ կօգնի՝ շատ լավ, չէ՝ չեմ էլ ակնկալում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: