Ի՞նչ խորհուրդ է տվել Արամ Աթեշյանին Արագած Ախոյանը

Feb 25, 2017 Comments Off on Ի՞նչ խորհուրդ է տվել Արամ Աթեշյանին Արագած Ախոյանը

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ողջունում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կայացրած որոշումը՝ Պոլսի պատրիարքի ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Ախոյանը։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Հայաստան էր ժամանել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, եւ այսօր Էջմիածնում հրավիրված ժողովում որոշում է կայացվել մարտի 15-ին Պոլսի պատրիարքական տեղապահ ընտրել, որից հետո պատրիարքության փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի։

«Արամ Աթեշյանին ճանաչում եմ երկար տարիներ, միշտ փայլել է թուրքամետ եւ ոչ հայանպաստ գործունեությամբ, սակայն համբերության բաժակի վերջին գագաթնակետը  Բունդեսթագի ընդունած որոշման վերաբերյալ Էրդողանին խնդրանքով դիմելն էր»,-ասաց Ախոյանը։

Պատգամավորի խոսքով՝ արդեն իսկ անհնար էր դարձել Աթեշյանի կողմից տեղապահ լիենելու փաստը․

«Եւ, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտնի դարձավ, որ նա մարտի 15-ին հրաժարական կտա, եւ կառաջադրվեն տեղապահի թեկնածուներ, իսկ պատրիարիք փոխանորդի ընտրությունները տեղի ունենան Թուրքայի ընտրություններից հետո։ Մենք կպայքարենք, որ ընտրվի այնպիսի պատրիարք, որը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, ցեղասպանության հետեւանքների վերացմանը, եւ ցանկացած հարցում կլինի հայ ժողովրդի կողքին՝ պատիվ բերելով մեր եկեղեցուն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հիվանդության պատճառով պատրիարքի գործունեություն էր ծավալել Արամ Աթեշյանը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել Պոլսում։

Ախոյանն այն կարծիքին չէ, որ ստեղծված իրավիճակի համար մեղքի բաժինը Մայր Աթոռն ունի․ քանի որ գործ է եղել մի երկրի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան․

«Եւ Մայր Աթոռի անելիքները քիչ էին,  երկար ժամանակ համբերեց, բայց ի վերջո արտահայտեց իր դիրքորոշումը։ Իսկապես անհանդուրժելի էր նման հոգեւորականի լինելը մեր եկեղեցում՝ նույնիսկ փոխանորդի կարգավիճակում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հաջորդ պատրիարքի համար հավանական թեկնածուներին, Ախոյանը չշտապեց անուններ հնչեցնել․

«Այս պահին մի քանի անուններ են շոշափվում, բայց հստակ պարզ կլինի մի քանի օրվա ընթացքում»։

Հետաքրքրվեցինք՝ իր համար ցանկալի թեկնածու չունի՞, պատասխանեց, որ կա, բայց անունը չի ուզում հնչեցնել․

«Վախենում եմ՝ հնչելնով վնասեմ, չեմ կարծում, որ օգուտ կբերի իրեն իր անունը տալը»,-ասաց նա։

Ի դեպ, Ախոյանն ասաց, որ Արամ Աթեշյանին խորհդրով է դիմել․

«Խորհուրդ տվել, որ զբաղվի իր բիզնեսներով»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: