ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Հայկական վերածնունդ»-ը Գյումրիում  ինտենսիվ փող են բաժանում. ահազանգում է պատգամավորության թեկնածուն

Feb 25, 2017 Comments Off on ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Հայկական վերածնունդ»-ը Գյումրիում  ինտենսիվ փող են բաժանում. ահազանգում է պատգամավորության թեկնածուն

 

«Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված, քաղաքացիական ակտիվստ Սոֆյա Հովսեփյանը ահազանգում է, որ մարզում ինտենսիվ դրամաբաժանություն է տեղի ունենում:

Պատգամավորության թեկնածուն Hayeli.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն  զանգել են իր համախոհները, ինչպես նաև այլ սրտացավ մարդիկ և տեղեկացրել, որ Շիրակի մարզում ինտենսիվ կերպով սկսել են ընտրակաշառք բաժանել. «Բնակաբար, առաջինը նշվում է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի և  «Ծառուկյան» դաշինքի անունները: Ինձ զանգահարողները նշել են, որ քիչ-քիչ նման գործունեություն է սկսել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Մեկ այլ կուսակցության անուն ևս նախապես նշվում էր, սակայն հետո կարծես թե հրաժարվեցին այդ մասին պատմելուց, ուստի այս պահին ես չէի ուզենա նրանց անունը բարձրաձայնել, քանի դեռ կոնկրետ ահազանգ չունեմ»,- մեզ հետ զրույցում նշեց Սոֆյա Հովսեփյանը՝ ավելացնելով, որ ընտրակաշառքը բաժանում են հիշյալ ուժերի ռեյտինգային հայտնի թեկնածուների շտաբները: «Իրականում սա արվում է քաղաքական ուժերի համար, որովհետև վերջնարդյունքում ընտրակաշառքով ձեռք բերված ձայները ծառայելու և համապատասխան տոկոսներ են ապահովելու քաղաքական ուժերի համար: Իհարկե, կոնկրետ այն մարդիկ, ովքեր մոտենում են քաղաքացիներին և նրանց տարբեր չափերի գումարներ առաջարկում, ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբների ներկայացուցիչներ են»,- նշեց պատգամավորության թեկնածուն:

Մեր ճշտող հարցին, թե թեկնածուն պատրա՞ստ է նշել կոնկրետ ռեյտինգային թեկնածուի անուն, որը զբաղված է ընտրակաշառք բաժանելով, Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Այնպես չի, որ այդ անունները գաղտնիք են կամ որևէ մեկին հայտնի չեն, բայց քանի դեռ ես ինքս կոնկրետ փաստ ձեռքիս տակ չունեմ, իմ միակ փաստը քաղաքացիների ահազանգերն են, անձերի անուններ չէի ուզենա հնչեցնել: Բայց ես մի բան գիտեմ, որ ծուխն առանց կրակ չի լինում: Ի վերջո մարդիկ նշում են կոնկրետ քաղաքական ուժերի անուններ, հետևաբար, անկախ նրանից, թե կոնկրետ որ անձն է դրանով զբաղվում, այդ խնդիրը վերաբերում է ողջ քաղաքական ուժին, և իրենք բոլորը ներգրավված են քաղաքացու ձայնը, հետևաբար նաև արժանապատվությունը գնելու արատավոր գործով: Ես, առիթը օգտագործելով, ուզում եմ հիշեցնել, որ իշխող ուժի ղեկավարները, մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ իրենց արջի ծառայություն պետք չէ: Ես ուզում եմ հույս հայտնել, որ եթե այս հրահանգը իշխող ուժի կենտրոնական գրասենյակից չի տրված, և իրենք իսկապես ուզում են փոխվել, ապա կհետևեն իրենց թեկնածուների գործողություններին»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը: Պատգամավորության թեկնածուի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ահազանգել են իրեն, վստահեցրել են, որ չեն պատրաստվում իրենց ձայնը փողով վաճառել. «Բայց իրեն նաև ասում էին, որ շատ մարդիկ պատրաստ են գնալ այդ գործարքին, որովհետև խոսքը համեմատաբար մեծ գումարի մասին է. իրենք նշում էին, որ հիշյալ ուժերը պատրաստ են մինչև 30 հազար դրամ տալ մեկ ձայնի դիմաց: Ինձ համար ցավալի է, որ քաղաքացու գիտակցության մեջ արժանապատվության զգացում սերմանելու մեր բոլոր ջանքերի արդյունքում մենք դեռ ունենք ընտրակաշառքի երևույթը: Միակ տարբերությունը թերևս այն է, որ նախկինում առաջարկում էին 5000 դրամ, այժմ խոսվում է 30 հազարի մասին>>: Հարցին, թե ինչպես է ինքը պատրաստվում պայքարել ընտրակաշառ բաժանողների դեմ՝ մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ թեկնածուն պատասխանեց, որ ինքը առաջին տեղում դնում է ընտրողի գիտակցությունը. «Եթե Դուք տեսնում եք ու որևէ  մեկդ չի կանխում ձեր հայրենակիցների չգիտակցված քայլը, չե՞ք գիտակցում ինքներդ, որ այդ վաճառված ձայնով ձեր վաղվա օրն է պլանավորվում: Դուք համաձա՞յն եք և պատրա՞ստ եք ունենալու հերթական անգամ առհասարակ ձեր խնդիրներով չհետաքրքրվող պատգամավորի: Եթե պատրաստ եք, ապա եղեք անտարբեր, եթե ոչ, ապա պահանջեք լինել արդարամիտ ու արժանապատիվ: Մենք պատերազմող երկիր ենք և պիտի հասկանանք, որ մեր անտարբեր և անարժանապատիվ կեցվածքով մեր հարազատների և երեխաների ապագան դրեցինք զոհասեղանին: Մենք դա տեսանք անցյալ տարվա ապրիլին, ուզո՞ւմ ենք էլի տեսնել: Մենք պիտի հասկանանք, որ այդ փողերը որ բաժանում են, մեր պետության և հարկատուների փողերն են, զինվորից գողացված փողն է: Մեր քաղաքական ուժերը տարիներ շարունակ շատ վատ են վարվել մեր ընտրողի հետ: Նրանք սերմանել են, որ ընտրողից ոչինչ կախված չէ, որ ամեն ինչ որոշված է, և իրենք ոչինչ փոխել չեն կարող: Դա իրականում այդպես չէ. ամենակարևոր որոշում կայացնողը ընտրողն է: Անկախ նրանից՝ ումից որքան գումար է վերցրել, ում մոտ ինչ խոստում է տվել, միևնույնն է, նրա ընտրությունը փակ և գաղտնի է, և նա է որոշում՝ ով է արժանի իր ընտրությանը»:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ այստեղ անելիք ունի նաև իրավական համակարգը՝  ոստիկանությունը, սակայն նրան հետ հույս կապելը իրատեսական չէ. «Ամբողջ խնդիրն այն է, թե մենք ունե՞նք ոստիկանություն և ընդհանրապես արդարադատություն: Ֆորմալ առումով ունենք, իսկ իրականում չունենք: Տարիներ շարունակ խոսվել է ընտրությունների կեղծման, ընտրակաշառքի մասին: Ես մի քանի օր առաջ տեսա մի ռեպորտաժ՝ «Ազատություն» ռադիոկայանով: Մարդիկ պատմում էին, որ իրենց գյուղում էլ են բաժանում, հարևան գյուղում էլ: Այսինքն՝ դա ահազանգ էր, որի հետևից ոստիկանությունը արդեն պիտի գնացած լիներ: Իսկ ոստիկանությունը միշտ ասում է, եթե կոնկրետ փաստ լինի… Կներեք, իսկ ո՞վ է տանում կաշառքը բացահայտ տալիս… Ոստիկանապետը վերջերս հայտարարեց, որ անհնար չի ընտրակաշառքը բացահայտել: Ես համամիտ եմ՝ անհնար չի, ավելին՝ ցանկության դեպքում շատ արագ կարող են դրա դեմն առնել, բայց եթե չեն բացահայտում, ուրեմն անկարող են կամ չեն ուզում»:

Նշենք, որ Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու են առաջադրվել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժականինստիտուտի ՀՀԿ-ական ռեկտոր, մարզային կրթության վարչության նախկին պետ Սահակ Մինասյանը, Մուշեղ Պետոյանը, ԲՀԿ-ից այստեղ առաջադրվել են նախկին քաղաքապետ և կարկառուն ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, ՔԿՀ նախկին վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը,  իսկ «Հայկական վերածնունդ»-ից՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, Հունան Պողոսյանը:

 

Արման  Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: