ՊՆ կենտրոնական հոսպիտալի տնօրենը՝ հոսպիտալում գտնվող 5 զինծառայողի վիճակի մասին

Feb 24, 2017 Comments Off on ՊՆ կենտրոնական հոսպիտալի տնօրենը՝ հոսպիտալում գտնվող 5 զինծառայողի վիճակի մասին

ՊՆ կենտրոնական հոսպիտալում գտնվող ՊԲ 5 զինծառայողներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երրորդինը՝ կայուն ծանր, մյուս երկուսը՝ բավարար։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։

Փետրվարի 16-ին մարտական դիրք տանող ճանապարհին ձորն ընկած բուլդոզերի ուղեւոր, պայմանագրային զինծառայողներ Արմեն Պուխանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Վրույր Ներսիսյանինը՝ բավարարին մոտ է, ընդհանուր բաժնում է։

Հիշեցնենք, որ բոլդուզերում գտնվող երրորդ պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Հոսպիտալում գտնվող հակառակորդի կողմից վիրավորում ստացած, ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիշեցնենք, որ Կորյունը գլխի թափանցող հրազենային վիրավորում է ստացել, եւ վնասվածքը, բժշկի խոսքով, կյանքի հետ անհամատեղելի է։

Հունվարի 24-ին կենտրոնական հոսպիտալ տեղափոխված Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը եւս ծայրահեղ ծանր է։

Գուրգեն Սարգսյանը հունվարի 16-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով էր հրազենային վիրավորում ստացել:

Ինչ վերաբերում է հոսպիտալում գտնվող, մարտական հերթափոխի ժամանակ՝հակառակորդի գնդակից վրավորված Ալեքսեյ Ավանեսյանին, ապա վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում․նա ընդհանուր բաժնում է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: