Դե թող ՀՀ-ում արգելվի ծխելը. փաստաբանը՝ զինծառայողներին հատկացվող ծխախոտի վերացման մասին

Feb 24, 2017 Comments Off on Դե թող ՀՀ-ում արգելվի ծխելը. փաստաբանը՝ զինծառայողներին հատկացվող ծխախոտի վերացման մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը չի ողջունում վաղը Կառավարության նիստում ընդունվող այն որոշումը, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի հատկացումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

«Զինծառողները գտնելու են զարտուղի ուղիներ՝ իրենց ծխելու խնդիրը լուծելու համար»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Գործադիրի  որոշումը հիմնվում է «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, որին միացել է Հայաստանը։

«Բարի քայլի դրսեւորման քողի տակ չեմ բացառում հարցի ռիսկայնությունը։ Դե թող ՀՀ-ում արգելվի ծխելը, եթե էդ խնդիրն ենք հետապնդում։ Կարծում եմ՝ դրանք ընդամենը գաղափարն արդարացնելու վկայակոչումներ են, ընդամենը բանակի միջոցներն իրենց պատկերացմամբ առավել ռացիոնալ օգտագործման մեջ է»,-ասաց փաստաբանը։

Նորիկյանի խոսքով՝  ծխելու դեմ պայքարը ոչ թե նորմատիվ ակտերով պետք է կարգավորվի, այլ պետք է տարվի իրական քարոզչություն, հստակ այլ ռեսուրսներ օգտագործվեն։

Հարցի առնչությամբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փոփոխությունը վերաբերում է միայն պայմանագրային զինծառայողներին։ Հովհաննիսյանը մասնավորապես գրել է․

«Զինվորին ծխախոտ տալու եւ չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաեւ  քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի եւ համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ եւ առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»,-գրել է նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: