Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումները անհրաժեշտ են եւ պետք է շարունակվեն․Վլադիմիր Կարապետյան

Feb 21, 2017 Comments Off on Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումները անհրաժեշտ են եւ պետք է շարունակվեն․Վլադիմիր Կարապետյան

Hayeli.am-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը․

Պարոն Կարապետյան, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Մեր կառուցողական դիրքորոշումը հիմնված է ՄԱԿի բանաձեւերի հիման վրա՝ հակամարտության շուտափույթ լուծման վրա:Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում։ Անհրաժեշտ է վերացնել այդ երկակի ստանդարտները»։ Ո՞րն է լինելու հայկական կողմի պատասխանն այս հայտարարությանը։

-Որեւէ նորություն չկա Ալիեւի խոսքերի մեջ, եւ հետո՝ բանաձեւերն ընդունվել են 1993 թվականին, եւ մենք  երբեւէ չենք ասել, որ դեմ ենք այդ բանաձեւերին ։ Դրանք հակամարտության այն ժամանակ երեք կողմերի վրա էլ պարտավորություններ են դնում, երեք կողմն էլ պետք է  հավասարաչափ հետամուտ լինեն  դրա կատարմանը։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա Ալիեւը պետք է մի բան  հասկանա, եթե կրկնեց այն, ինչ ինքը փորձում էր անել  ապրիլին, ապա կստանա համախմբված Հայաստան եւ հուժկու հակահարված։ Կարծում եմ՝ այդ գիտակցությունն իր մոտ կա, ամրապնդվել է  եւ միգուցե դրանով է պայմանավորված, որ արտգորխծնախարարների  միջեւ Մյունխենում հանդիպում տեղի ունեցավ։ Հուսով եմ՝ այդ հանդիպումը շարունակական կլինի եւ արդունավետ ապագայում։

Կարեւորո՞ւմ  եք մյունխենյան պայմանավորվածությունները, արդյոք մտավախություն չունե՞ք, որ դրանք եւս կարժանանան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բախտին։

-Ինձ մտահոգում է մեկ հարց՝ բանակցողը,  հայկական կողմից Էդվարդ Նալբանդյանն է, որը հրապարակային հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները փուլային չէ՝ ակնհայտ աղավաղելով իրականությունը։ Մենք տեսնում ենք, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք փորձում են հասարակությանը պատրաստել խաղաղությանը, եւ կան մարդիկ, որոնք սուտը տարածելով աղավաղված մոտեցումներ են տարածում ՝ ցանկանալով  այլ ուղղությամբ տանել երկիրը։ Այդ առումով, թեեւ մեծ  հույսեր չեմ կապում Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպման հետ, բայց դրանք անհրաժեշտ են եւ պետք է շարունակվեն։

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք ընդունում ԼՂՀ-ում այսօր անցկացվող հանրաքվեն եւ այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապես հայտարարել են, որ արդյունքները չեն ընդունելու։

-Վատ եմ վերաբերվում Միսնկի խմբի հայտարարությանը, հատկապես որ նախօրոք է արվել, միեւնույն ժամանակ ԼՂ ժողովուրդն ինքը պետք  է որոշի, եւ յուրաքանչյուրն էլ պետք է հարգի այն որոշումը, որը կկատարի Ղարաբաղի ժողովուրդը։

-ՀԱԿ-ի ընդդիմախոսները այն կարծիքին են, որ ձեր հայտարարած խաղաղությամբ ոչ թե խաղաղություն է լինելու, այլ պատերազմ՝ տարբեր ուղղություններով, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է հասնել խաղաղության։

-Ես համարում եմ՝ այն, ինչ մենք ասել ենք, իրատեսական է, մենք ասել ենք, որ եթե որեւէ խնդիր շփման գծում , ապա հակահարվածը կլինի համարժեք, նույնիսկ ավելին։ Մենք հավատում ենք, որ գործընթացն ունի պոտենցիալ հանգելու վերջնական պայմանավորվածության  եւ փաստաթղթի ստորագրման։ Մեզ քննադատողներին էլ ասում ենք, որ  18-19 տարի առաջ խաղաղ կարգավորման շատ ավելի լավ ծրագրին դեմ գնացողների արդյունքում է, որ մենք ունեցանք մի քանի հարյուր հազար արտագաղթ , ունեցանք այն, որ 2008-ից մինչեւ հիմա  տնտեսության ցուցանիշները չեն ավելանում, եւ նախադրյալներ  չկան Հայաստանին այդքան անհրաժեշտ թռիչքաձեւ զարգացման համար։  Եթե մարդիկ  ուզում են մեզ տանեն նոր արկածախնդրության, մենք կարծում ենք, որ ասելիք ունենք, եւ այն կհասցնենք ժողովրդին։

Սեդա  Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: