Արտաշարի գյուղապետը՝ դպրոցում զանգվածային թունավորման դեպքի մասին

Feb 21, 2017 Comments Off on Արտաշարի գյուղապետը՝ դպրոցում զանգվածային թունավորման դեպքի մասին

Մեծամորի ԲԿ են տեղափոխվել շմոլ գազով թունավորված ութ աշակերտ, որոնցից երեքը հենց ընդունարանում են բուժօգնություն ստացել եւ դուրս գրվել, հետո դուրս են գրվել եւս երկուսը, իսկ ԲԿ-ում գտնվող երեք երեխայի առողջական վիճակը բավարար է։
Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասացին Մեծամորի ԲԿ-ից՝ անդրադառնալով Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքին։
ԲԿ-ի աշխատակցի խոսքով՝ թունավորված բոլոր աշակերտները 2002 թվականի ծնվածներ են․ նույն դասարանի երեխաներ։
ԲԿ-ում դեռ հստակ չգիտեին՝ թունավորման դեպքը ինչպես է եղել, բայց ասացին, ըստ էության, շմոլ գազից է եղել։

Զրուցեցինք նաեւ Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանի հետ, ով հաստատեց, որ թունավորումը շմոլ գազից է եղել․
«Բոլոր դասասենյակներում էլ գազի վառարաններ են դրված՝ տուռբո վառարաններից։ Մենակ իններորդ դասարանում է դեպքը եղել»,-ասաց գյուղապետը։
Գյուղապետի խոսքով՝ այս դեպքը ոչ միայն դպրոցում, այլեւ գյուղում առաջինն է․
«Թե ոնց է ստացվել, չեմ կարող ասել՝ մինչեւ չպարզվի»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ իրավասու անձինք արդեն զբաղվում են գործով, որ հասկանան գազի արտահոսք է եղել, թե թերի այրում։
Գյուղապետը պատմեց, որ եղանակային ցուրտ պայմաների պատճառով դպրոցում գիշերներն էլ են վառարանները միացրած թողնում, որպեսզի առավոտյան երեխաները գան, ու տաք լինի․
«Երեւի այրում լավ չի կատարվել, շմոլ գազ է լցվել։ Իրենց դասղեկը մտնում է դասարան, տեսնում երեխաներն իրենց վատ են զգում, սկսում են դասասենյակը օդափոխել, երեխաներին դուրս հանել դասասենյակից։ 3-4 հոգի իրենց շատ վատ էին զգում, որոնց անձամբ ես եմ տեղափոխել հիվանդանոց։ Էս պահին երեքի վիճակն է մի քիչ վատ, իրենք էլ սիստեմա կընդունեն, դուրս կգրվեն»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: