Վարդան Օսկանյանի որդու պաշտպանը պարզաբանում է

Feb 21, 2017 Comments Off on Վարդան Օսկանյանի որդու պաշտպանը պարզաբանում է

Արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության ստացված քաղաքացու ահազանգի, 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանն իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում քաղաքացու կամքին հակառակ պահել են ավտոմեքենայում եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։

«Ոչ մի քրեորեն պատժելի արարք տեղի չի ունեցել, ուղղակի քաղաքացին գնացել հայտարարությամբ է հանդես եկել չգիտեմ ինչ պատճառներով։ Նախաքննության մարմինները ստուգում են ողջ իրավիճակը, համոզված եմ, որ ստուգման արդյունքում գործը կկարճվի, քանի որ որեւէ հանցակազմ չկա»,-ասաց պաշտպանը։

Ի դեպ, Աթանեսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, իսկ այսօր երեկոյան 18.00-ին ձերբակալության 72 ժամը լրանում է, ուստի կամ վերջինս պետք է ազատ արձակվի, կամ էլ նախաքննության մարմինը նրան կալանավորելու որոշում պետք է կայացնի։

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կալանավորման որոշում կայացվի, քնաի որ ինչպես ինքն է պնդում, որեւէ հանցակազմ չկա, Տիգրան Աթանեսյանն ասաց․

«Հայաստանում ոչինչ չի կարելի բացառել, բայց համզոված եմ, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում ոչ մեղադրանք պետք է առաջադրվի, ոչ էլ բնականաբար կալանքի մասին խոսք գնա, բայց տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»։

Հիշեցմանը, որ Օսկանյան-Օհանյան ասուլիսի ժամանակ հնչեցվեց Վարդան Օսկանյանի որդու անցյալի մասին հարց, որին հաջորդեց Օսկանյանի որդու ձերբակալությունը, կապ տեսնո՞ւմ եք արդյոք, պաշտպանն ասաց, որ այն զուգադիպություն է։

«Մինչ այս պահը որեւէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսել, պարզապես զուգադիպություն է»,-ասաց նա։

Ի դեպ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներից, սակայն ե՛ւ Էլինար Վարդանյանի ե՛ւ Ստեփան Մարգարյանի «վայրը խոսելու համար հարմար չէր», եւ նրանք հրաժարվեցին մեկնաբանել, իսկ Վարդան Օսկանյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: