Հացադուլն անխուսափելի հետեւանքներ կունենա․ Աշոտ Պետրոսյանի պաշտպան

Feb 18, 2017 Comments Off on Հացադուլն անխուսափելի հետեւանքներ կունենա․ Աշոտ Պետրոսյանի պաշտպան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանն ի աջակցություն Արթուր Սարգսյանի, որն առավել հայտնի է Հաց բերող անունով, հացադուլ է հայտարարել։

«Միանում եմ Արթուր Սարգսյանի բողոք-պահանջին եւ գտնում եմ, որ պետք է կալանքից ազատվի, հետեւաբար իր բողոքին միանում եմ հացադուլ հայտարարելու միջոցով»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Պապիկյանին ավելի շատ հետաքրքրում է այն հանգամանքը, թե իր պաշտպանյալն ինչ պայմաններում պետք է պահվի այնտեղ՝ հաշվի առնելով ոտքի խնդիրը․

«Երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, թե ինչ պայմաններում կլինի, հիմա պատրաստվում եմ եւս մեկ անգամ այցելեմ՝ հասկանամ, թե ինչ պայմաներում են պահում իրեն, իսկ հացադուլն անխուսափելի հետեւանքներ կունենա»,-ասաց Պապիկյանը։

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Աշոտ Պետրոսյանի ոտքն ամբողջությամբ չի կազդուրվել եւ ազատ տեղաշարժվելու խնդիր կա իր մոտ:

«Դատապարտյալների հիվանդանոցում բավարար պայմաններ կար այդ խնամքն ապահովելու համար, իսկ եթե ընդհանուր խցում լինի, չի կարող այդ ոտքով լավ լինել»,-ասաց նա՝ հավելելով, որ երեկ երեկոյան դեռ խցի հարցը որոշված չէր։

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով՝ գույք ոչնչացնել եւ  218 հոդվածի 3-րդ մասով՝ պատանդ վերցնել։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: