Երեւի հրեշտակներն են եկել ընտրության․ Քրիստ Մարուքյանը՝ Արթուր Բաղդասարյանին

Feb 17, 2017 Comments Off on Երեւի հրեշտակներն են եկել ընտրության․ Քրիստ Մարուքյանը՝ Արթուր Բաղդասարյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն այն կարծիքին է, որ աստծուն պետք չէ խառնել Վանաձորի քաղաքապետի ընտրության գործընթացին։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ թող «աստված նզովի դավաճաններին»։

«Աստծուն խառնել ու խնդրել, որ նա  նզովի չգիտեմ ում․․․ Փաստացի տեղի է ունեցել ընտրություն եւ այդ ընտրության արդյունքում 19 ձայն տրվել է ՀՀԿ-ի թեկնածուին, բայց այդ 19  ձայնի ապահովումը ավագանու նիստերին որեւէ կերպ տեղի չի ունենում»,-ասաց Մարուքյանը։

Մեր դիտարկմանը, որ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք համաձայնության են եկել, որ Քրիստ Մարուքյանը լինելու է քաղաքապետ, իսկ իրենց թեկնածուն փոխքաղաքապետ, Մարուքյանն ասաց․

«Խոսքն իրենց թեկնածուի մասին չի եղել, այլ ՀՎԿ-ին առաջարկվող տեղի մասին, եւ մենք անձ չենք քննարկել, ու չգիտեմ, թե ինչն է ստիպել նորից այդ հայտարարությամբ հանդես գալ»։

Տեղեկացնենք, որ Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք շարքերում դավաճաններ չկան, եւ ՀՎԿ ներկայացուցիչները փակ-գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկել են այնպես, ինչպես նախապես պայմանավորվել են կոալիցիայի ներսում․«ով դավաճանել է, թող աստված նզովի նրան»,-ասել է Բաղդասարյանը։

Արձագանքելով այս հայտարարությանը Քրիստ Մարուքյանն ասաց․

«Երեւի հրեշտակներն են եկել էդ ընտրության։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բացառվում է՝ ԼՀ-ի տասը հոգուց որեւէ մեկի մասնակցությունն այդ պրոցեսներին, հիմա ժամանակ առ ժամանակ անդրադառնալ նույն թեմային եւ նորից կրկնել իմաստ չեմ տեսնում։ Վանաձորում հստակ պատկերացումներ ու տեղեկություններ կան, թե ով ինչ է  արել»։

Մեր ճշտող հարցին՝ Վանաձորում խոսո՞ւմ են այն մասին, որ ՀՎԿ-ն է դրժել խոստումը, Մարուքյանն առաջարկեց հարցումներ անցկացնել Վանաձորում՝ հավելելով, որ ամեն մեկն իր խղճի առաջ պետք է պատասխանատու լինի։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: