Սերժ Սարգսյանի 3 մեսիջները՝ ՀՀԿ ցուցակի միջոցով

Feb 17, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի 3 մեսիջները՝ ՀՀԿ ցուցակի միջոցով

Hayeli.am-ի զրուցակիցն է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը․

Պարոն Բադալյան, արդեն հրապարակվել է ՀՀԿ համամասնական ցուցակը, արդյոք սպասելի՞ էր, որ այն կգլխավորի Վիգեն Սարգսյանը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը։

-Այդ ցուցակը որոշակի մեսիջներ էր պարունակում, խնդիրն այն չէ՝ սպասելի էր, թե ոչ, այլ թե ինչ մեսիջներ են պարունակում։ Առաջինը, որ իշխանական համակարգում բավականաչափ ուժեղացել են Պաշտպանության նախարարի դիրքերը, ով կուսակցության մեջ ընդգրկվեց մի քանի ամիս առաջ, ընդգրկվելու պահից մինչեւ հիմա կուսակցական գործունեությամբ չի զբաղվել, հիմնականում զբաղվել է իր իր անմիջական գործունեությամբ, բայց ինքն է գլխավորում ցուցակը։ Եթե դրան գումարենք, որ մոտ մեկ ամիս առաջ նախարարին հաջողվեց 1000 դրամների օրենքը անցկացնել, կարող ենք ասել, որ նրա դիրքերն ամրապնդվել են։ Երբ նայում ենք ցուցակի եռյակին, տեսնում ենք, որ առաջինը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն է, որը ընկալվում է որպես նախագահի թիմակից, երկրորդը՝ Երեւանի քաղաքապետն է, որը նորից ընկալվում է որպես նախագահի թիմակից եւ երրորդը՝ Արդարադատության նախարարը, որը համարվում էր նախկին վարչապետի թիմակից, սակայն եթե դիտարկենք այսօրվա կտրվածքով՝ նա նախագահի թիմակիցն է, եւ բնականաբար առաջին եռյակում չկա մեկը, որը լինի վարչապետի թիմակից։ Դրան գումարենք նաեւ ցուցակի չորրրորդից տասներորդ տեղն ընկած անձանց, կարող ենք ասել որ բոլորը նախագահի թիմակիցներն են, եւ նրանցից ոչ մեկը վարչապետի թիմակիցը չէ։ Երրորդ մեսիջն այն է, որ իշխանական համակարգում էապես թուլանում է վարչապետի դիրքերը, ինչպես նաեւ այն, որ ՀՀԿ-ում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում, նրանք, ովքեր նոր են մտել ՀՀԿ կամ նախկինում երիտթեւ էին համարվում, վերջիններիս դիրքերն ամրապնդվել են, իսկ հնաբնակներն իրենց տեղերն էապես զիջել են։

-Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի գլխավորում ցուցակը, զիջո՞ւմ է իշխանությունը։

-Ցուցակը գլխավորելն այնքան էլ էական չէ, կարելի  է ցուցակում չլինել, բայց լինել խորհրդարանի կողմից ձեւավորված կառավարության ղեկավար՝ վարչապետ։

Բայց չէ որ ժամանակին ասել էր, որ չի լինելու վարչապետ։

-Ժամանակին շատ բաներ  է ասել, բայց մենք  տեսնում ենք, որ միշտ չէ, որ իր խոսքերն իրականություն են դառնում, ինչպես ատոմակայանի կառուցումը, Երեւան-Ստեփանակերտի թռիչքի իրականացումը, անգամ հայտնի էր, թե ով է լինելու առաջին ուղեւորը եւ այլն, շատ խոստումներ է տվել, որոնք իրականություն չեն դարձել։ Այնպես որ մտածել, որ եթե ժամանակին ասել է, որ չի  լինելու վարչապետ, ուրեմն այդպես է, չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրանից հետո նա մի քանի հարցազրույցներ է տվել անուղակիորեն հասկացնելով, որ կարող է լինել վարչապետ։ Միակ մրցակիցը, որը կարող էր իրեն խանգարել, գործող վարչապետն է, որը կամավոր զիջում է իր դիրքերը։

 

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: