Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ-ի սերնդափոխության սիմվոլ

Feb 16, 2017 Comments Off on Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ-ի սերնդափոխության սիմվոլ

Իշխող ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների իր համամասնական ցուցակով, ձգտում է նորացված դեմքերով ներկայանալ՝ ցուցակից դուրս թողնելով առավել սկանդալային անձանց։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակին։ Հիշեցնենք, որ երեկ կուսակցության խոսնակ  Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիսից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հրապարակեց ցուցակը։ Այն գլխավորում է Վիգեն Սարգսյանը, ապա Տարոն Մարգարյանը, երրորդ հորիզոնականում է Արփինե Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գլխավորում ցուցակը, քաղաքագետն ասաց․

«Տպավորություն ունեմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել պրոբլեմ-2018-ը, քանի որ այս ընտրություններն այդ պրոբլեմի պատասխանը չեն տալիս։ Ի սկզբանե պրոբլեմն այն է, թե դեֆակտո իշխանությունը ՀՀ-ում  ով է լինելու 2018-ից հետո,  երբ սահմանադրությամբ ավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը։ Սերժ Սարգսյանի բացակայությունն այս ցուցակում ինձ մոտ տպավորություն է թողնում, որ Սարգսյանը փորձում է վարչապետի պաշտոնն ինքը զբաղեցնելով դե ֆակտո իշխանությունը մնալ»։

Ըստ քաղաքագետի՝ ամենեւին էլ այնպես չէ, որ եթե Վիգեն Սարգսյանն է գլխավորում ցուցակը, ապա անպայման լինելու է ԱԺ նախագահը․

«Իրեն պետք չէ, որ լինի ԱԺ նախագահ, պարզապես Վիգեն Սարգսյանին փորձում են ներկայացնել որպես ՀՀԿ-ում տեղի ունեցող սերնդափոխության սիմվոլ, նա  այդ իմիջով կներկայացվի հանրությանը, ուստի  պարտադիր չէ, որ նա ապրիլի 2-ից հետո  ԱԺ նախագահ դառնա»,-ասաց Մեհրաբյանը։

Ինչ մնում է այն հարցին, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Պաշպանության նախարարը, որքանո՞վ է այն ընդունելի, Մեհրաբյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը զինվորական չէ, քաղաքացիական անձ է եւ զբաղեցնում է քաղաքական պաշտոն։

Սեդա Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: