ԱԻՄ-ը քաղաքական միս ու արյուն տվեց Օսկանյան-Օհանյան դաշինքին․ ԱԻՄ-ական

Feb 04, 2017 Comments Off on ԱԻՄ-ը քաղաքական միս ու արյուն տվեց Օսկանյան-Օհանյան դաշինքին․ ԱԻՄ-ական

ԱԻՄ-ական, Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամ Գագիկ Սարուխանյանն այն կարծիքին է, որ «հանուն ազատագրական պայքարի  են միավորվել եւ համախմբման գնացել»։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Սարուխանյանը։

Հիշեցնենք, որ ԱԻՄ-ը եւս միացել էր Օսկանյան-Օհանյան դաշինքին․

«Մեր դաշինքը նպատակային է, գաղափարական չէ,  մարդիկ պետք է հասկանան, որ սա ընտրություն չէ, գաղափարական հենքերի պայքար չէ, որ մեկը ելնի իր եվրոպամետությամբ, մյուսը՝ ասիամետությամբ, սոցիալիստներ, կոմունիստներ․․․  ազգային ազատագրական պայքարի խնդիր կա, եւ մենք ՀՀԿ-ին հեռացնելու նպատակով ենք միացել, չկա գաղափարական միացում։ Մանավանդ, որ երկար տարիներ քննադատել եմ դաշինքի մեջ եղած բոլոր գործիչներին, այսօր իրենք ասում են, որ իշխանական բուրգի մեջ էինք, չենք կարող փոխել։ Սակայն եթե իմ հակառակորդի հակառակորդը ելել է պայքարի, ուրեմն դաշնակիցս է դառնում, ու սա չի նշանակում, որ նախկինում եղած գնահատակններն իրենց նկատմամբ չեղյալ են համարվում»,-ասաց Սարուխանյանը։

Ըստ ԱԻՄ-ականի՝ իրենց ներկայությունը դաշինքում «քաղաքական միս ու արյուն է տվել»․

«Շատ հարգելով թե՛ Օսկանյանին, թե մյուսներին, պետք է ասեմ, որ այնտեղ լուրջ քաղաքական գործիչներ չկան․ մեկը պրոֆեսիոնալ զինվորական է, մյուսը պրոֆեսինոալ դիպլոմատ, բայց ինքնուրույն քաղաքականություն իրականացողներ չկան, իսկ ԱԻՄ-ն առաջարկեց համախմբվել հանուն ժողովրդավարության»,-ասաց նա։

Զուգահեռներ տանելով Ծառուկյան դաշինքի հետ մեր զրուցակիցն ասաց, որ «Ծառուկյան քաղաքական գործիչ չի ճանաչում, միայն՝  բարերարի»․

«Հետեւենք իր ասածներին՝ ընդամենը տամ, բաժանենք, տանենք, կտանք իսկ ոնց զարգացնենք պետությունը, ոնց կառուցենք, ինչ սահմանադրություն մշակենք, ինչ կանոններ, որ դա տալու կարիքն  էլ չլինի, ցավոք չկա»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: