«Ելք»-ը շանս ունի ընկալվելու որպես հստակ, ծրագրային դրույթներով դաշինք

Feb 05, 2017 Comments Off on «Ելք»-ը շանս ունի ընկալվելու որպես հստակ, ծրագրային դրույթներով դաշինք

Hayeli.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը․

Պարոն Մարկարով, վերջին ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը ՀՀԿ-ից, ապա հայտարարելը, որ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ։

-Հայաստանում վերջին շրջանում նկատել ենք մի քանի գործիչներ, որոնք նախկինում ներգրավված են եղել ակտիվ իշխանական քաղաքական կյանքի մեջ, խոսքը գնում է  ե՛ւ Սեյրան Օհանյանի, ե՛ւ Վարդան Օսկանյանի, ե՛ւ Վիկտոր Դալլաքյանի ե՛ւ Հովիկ Աբրահամյանի մասին, միտումը՝ փորձել գործել ոչ իշխանական դաշտում։  Վստահ չեմ, որ բոլոր քաղաքական գործիչների մոտ, որոնք փորձում են անցում կատարել իշխանության դեմ պայքարի, այս փորձերը հաջողությամբ կընթանան, բայց Հովիկ Աբրահամյանի պարագայում առայժմ չեմ տեսնում այն քաղաքական բաղադրիչը, որն էլ կարող է իրեն թույլ տալ ասել, որ կա գաղափախոսական ինչ-որ պլատֆորմ, որի վրա ինքը ներկայացնում է որպես  այդ դաշտի ներկայացուցիչ։ Մենք առայժմ լսել ենք այն արտահայտությունը, որ ինքը պատրաստ է դուրս գալ իշխող ՀՀԿ-ից եւ շարունակել իր քաղաքական գործունեությունը, բայց դեռ չենք տեսնում, թե ինչպես։

Ձեր մատնանշած նախկին պաշտոնյաների՝ Աբրահամյանի, Օսկանյանի, Դալլաքյանի մոտ կհաջողվի՞ ընտրազանգված ունենալ։

-Երեւի ձեր հարցի պատասխանը կստանանք ընտրություններից հետո, թե արդյոք այն դիրքային փոփոխությունը, որը ցուցաբերել են մի շարք գործիչներ, ընկալվել է  քաղաքացիների կողմից, թե ոչ։ Դրա պատասխանը ապրիլյան ընտրություններից հետո կտեսնենք։ Ինչ վերաբերում է այսօրվա  տեղի ունեցող իրադարձություններին, դեռեւս չենք կարող ասել, որ կամ Օհանյանը կամ Օսկանյանը ներկայացնում են մեկ ընդհանուր ծրագիր, որն ունի կազմակերպչական համապատասխան ռեսուրսներ՝ հանդես գալու որպես համապետական կուսակցություն։ Առայժմ մենք ավելի շատ լսում ենք անհատների միասնությունը, իսկ ժամանակը ցույց կտա արդյոք ունեն կառուցողական ծրագիր՝ փոփոխություններ կատարելու համար։

-Արդեն ձեւավորված են մի քանի դաշինքներ՝ «Ելք»ը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան-Օսկանյան» դաշինքը, ո՞րը կարող է առանցքային դեր ունենալ ընդդիմադիր դաշտում։

Եթե խոսենք Ելք-ի մասին, այստեղ կրկին անհատներ են, որոնք վերջին ընտրություններից հետո ստեղծել են քաղաքական որոշակի հենարան։ Այս գործիչներըհայտնի են հանրությանը, նրանց ընտրազանգվածը հիմնակականում բողոքականներն են, ի դեպ, դաշինքները հիմնականում պայքարում են նաեւ իրար դեմ, քանի որ փորձում են բողոքական էլեկտորատի ձայները ձեռք բերել։ Դաշինքների միավորման ժամանակ հաճախ միավորումը տեղի է ունենում ոչ  այնքան ծրագրային դրույթների վրա, որքան մեխանիկական՝ ձայներ հավաքելու վրա, ուստի այս տեսանկյունից  «Ելք»-ը շանս ունի ընկալվելու որպես  հստակ, ծրագրային դրույթներով դաշինք։ Իսկ Օսկանյան-Օհանյան դաշինքն ավելի շատ հանդես է գալիս որպես  նախկին քաղաքական գործիչների դաշինք, որը ձեւավորված է քննադատության, այլ ոչ թե ծրագրային դրույթների վրա։

Ինչ վերաբերում է  Ծառուկյանին, կրկին իշխանությունից ընդդիմություն անցնելու փորձ է  կատարում, մենք հիշում ենք, որ ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոին գործնկեր էր իշխանությանը, հիշում ենք նաեւ 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերը։ Ըստ էության Ծառուկյան դաշինքն ունի հավանականություն քաղաքական դաշտում երկրորդ բեւեռը լինելու համար։ Այն ինչ փորձում էին անել սահմանադրական փոփոխություններով՝ ունենալ երկու բեւեռ ՝ պրոիշխանական եւ ընդդիմադիր։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: