Կապանի բժշկական կենտրոնի ազատված տնօրենի պաշտպանը կբողոքարկի նաեւ Քաղաքացիական դատարանում

Feb 01, 2017 1 Comment

Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի պաշտպան, Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը դիմել է Վարչական դատարան՝ բողոքարկելու իր վստահորդի աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու մասին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշումը։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը․

«Վարչական դատարանը որոշակի տեխնիկական պատճառներով վերադարձրել է դիմումը, համապատասխանաբար շտկումներ ենք իրականացնում՝ նորից ներակայացնելու համար, բայց բացի դրանից մի քանի սահմանադրաիրավական վերլուծություն ենք իրականացնում՝ ընդհանուր պատկերը հասկանալու։ Կարծում եմ՝ առաջիկայում պատկերը ավելի պարզ կլինի։ Մի քանի հարց կա գլոբալ առումով, օրինակ՝ մարզպետի իրավասությանը բաժնետիրական ընկերություններում որպես բաժնետեր հանդես գալու լրիվ ազատություն ունենալու մեջ։ Առաջիկայում ուսումնասիրությունը կավարտենք, հնարավոր է, որ Վարչական դատարանին զուգահեռ Քաղաքացիական դատարանով պատկերը գնա»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում Սմբատ Օրբելյանն էր պատմել, իրեն աշխատանքից հեռացրել են մարզպետի կարգադրությամբ, սակայն թե որն է պատճառը՝ ինքը չգիտի։ Օրբելյանին աշխատանից հեռացնելուց հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Կապանի 18-ամյա մի բնակչուհի բողոք է ներկայացրել, որ բժշկական կենտրոնի բժիշկներից Անուշավան Կարապետյանը փորձել է բռնաբարել աղջկան։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բժշկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Անուշավան Կարապետյանն այժմ կալանավորված է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Կապանի բժշկական կենտրոնի ազատված տնօրենի պաշտպանը կբողոքարկի նաեւ Քաղաքացիական դատարանում” հրապարակմանը

  1. Տիգրան Վարդազարյան says:

    Առնվազն անհասկանալի է, թե Արդարադատության նախկին փոխնախարարը ինչպես է տեսնում վարչական և քաղաքացիական դատարանում գործի միաժամանակյա քննության հնարավորությունը:
    Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 91-րդ հոդվածի՝ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ:
    Նույնաբովանդակ իրավակարգավորում է նախատեսում նաև ՀՀ վարչական դտավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, նշելով որ Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ:
    Հետաքրքիր է թե հայրենական իրավագիտությանը «մինչև այսօր անհայտ» ինչ իրավանորմերի հիմքով է պաատրաստվում ենթադրյալ վարչական ակտը բողոքարկվել երկու տարբեր դատարաններում միաժամանակ: