Ներիշխանական կռիվ է․ Սերժ Սարգսյանը չեզոքացնում է ցանկացածի, որից վտանգ է ենթադրում

Feb 01, 2017 Comments Off on Ներիշխանական կռիվ է․ Սերժ Սարգսյանը չեզոքացնում է ցանկացածի, որից վտանգ է ենթադրում

Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի հիմնադիր,քաղաքագետ Արա Պապյանն այն կարծիքին է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը որեւէ կերպ չի կարող ազդել կուսակցության վարկանիշի վրա, «որովհետեւ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, ընդամենը՝ արհմիություն է»։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը․

«Մենք տեսնում ենք, որ եթե վարչապետ ես, ղեկավար կազմում ես, չէ՝դուրս ես գալիս, դա տեսել ենք թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի օրինակով։ Կարեն Կարապետյանը մեկ ամիս է կուսակցական է, արդեն այդ կուսակցության փոխնախագահն է, դա արդեն կուսակցություն չէ, որովհետեւ նորմալ կուսակցություններում նման բան հնարավոր չէ, այսինքն մարդը  պետք է դրսեւորի իրեն կուսակցության մեջ։ Իսկ թե ինչու Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ, ենթադրել կարելի էր՝ կարծում եմ ներիշխանական կռիվ է, ընդհանրապես Սերժ Սարգսյանը չեզոքացնում է ցանկացած անձի, որից ինքը վտանգ է ենթադրում»,-ասաց Պապյանը։

Մեր հարցին, թե որքանո՞վ է ընդունելի, որ տարիներ շարունակ մի թիմում եղած քաղաքական գործիչները՝ Սարգսյանն ու Աբրահամյանը իրար ասելիք հղեն սոցցանցի միջոցով, այն էլ ոչ հստակ ենթատեքստով ու վիրավորախառն բառերով, Պապյանն ասաց․

«Դա էլ հենց ցույց է տալիս, որ սա կուսակցություն չէ, այլ արհմիություն՝ աշխատավորական  միություն, ՀՀԿ-ն աշխատանքի տեղավորման բյուրո է, մտնում ես էնտեղ պաշտոն ստանում»։

Անդրադառնալով հակասությանը քաղաքագետը նկատեց, որ իշխանություն պահելու խնդիր կա ընդամենը եւ տնտեսական շահերի բախում․

«Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի շահերը որոշ իմաստով բախվել են, սա տնտեսական բախում է, դրա մասին շատերն  են ժամանակին կանխատեսել, քանի որ տնտեսական վիճակը վատանում է, այլեւս հայաստանյան շուկան չի կարող բավարարել մի քանի խոշոր օլիգարխ բիզնեսմենների գոյությունը, հետեւաբար  իրարից պիտի խլեն բիզնեսները։ Այլեւս ուրիշ բան չկա, պետությունն այլ բան չունի, որ վաճառվի կամ սեփականաշնորհվի, արտաքին պարտքն աճել է, ներդրումներ չկան, դրա համար պայքար է գնում իրարից խլելու, հո ինձնի՞ց չեն խլելու․ ես չունեմ, ո՞վ ունի՝ Հովիկ Աբրահամյանը։ Աբրահամյանը զգաց, որ իր դեմ  փորձ է կատարվում ու փորձեց  ընդդիմանալ, բայց փորձը ցույց է տալիս, որ ում ձեռքը քաղաքական իշխանությունն է, նա էլ ի վերջո հաղթում է»,-ասաց Պապյանը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: