Ինձ, նաեւ հանրության համար ուրախալի կլինի ժառանգության բույրը տեսնել դաշինքում՝ Ս․Սաֆարյան

Jan 31, 2017 Comments Off on Ինձ, նաեւ հանրության համար ուրախալի կլինի ժառանգության բույրը տեսնել դաշինքում՝ Ս․Սաֆարյան

Hayeli.am-ին հայտնի է դարձել «Ազատ դեմոկրատների» դաշինքի համամասնական ցուցակի առաջին վեց անձանց անունները, հերթականությունը կարծես թե դեռ հստակեցված չէ, բայց ամենայն հավանականությամբ այն կլինի այսպես` Խաչատուր Քոքոբելյան,Հրանտ Բագրատյան,, Ստյոպա Սաֆարյան,Անահիտ Բախշյան ,Մասիս Այվազյան և Աշոտ Եղիազարյան:Այս ցուցակում ամենայն հավանականությամբ կլինեն «Էլեկտրիկ Երևանի» ներկայացուցիչներ   և այլ անդամներ:Այս եւ այլ հարցերի մասին Hayeli.am-ը զրուցել է Ստյոպա Սաֆարյանի հետ․

-Պարոն Սաֆարյան, մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ձեր դաշինքի համամասնական ցուցակի առաջին վեց համարների հետ կապված, բացի այս անուներից, այլ անձանց հետ քննարկումներ ընթանո՞ւմ են։

-Հիմնականում քննարկումներ իրականացնողը պարոն Քոքոբելյանն է, ես իհարկե որոշակիորեն տեղեկացված եմ այն անձանց մասին, որոնց հետ նա հանդիպումներ եւ զրույցներ է ունենում, բայց քանի որ դրանք վերջնական համաձայնեցված չեն, ինձ թույլ չեմ այլ մանրամասներ ասել։

-Ձեր դաշինքը ո՞ր դաշտում կլինի, ի՞նչ գիծ կվերցնի։

-Մեր հիմնական սկզբունքային պայմանավորվածությունը դաշինքում այլ անձանց ներգրավվելու կապակցությամբ, այն է, որ պետք է լինի բացառապես նույն աշխարհաճանաչողություն եւ մոտեցումներ ունեցող անձանց միջեւ։ Մենք ,ի տարբերություն այլոց, չենք գայթակղվում «բոլորին միացնելու մոլուցքով», ինչը ՀՀ-ում միշտ տապալվել է։ Մենք ուզում ենք, որ այդ դաշինքը չափազանց կայուն լինի՝ բացառելով, որ հետագայում այդ միությունը գոնե առանցքային խնդիրների շուրջ անհաղթահարելի տարաձայնություններ չունենա։ Այս կտրվածքով որքան էլ այն լինի մեկ կուսակցության հենքի վրա հավաքվող միություն, իմ, Խաչիկ Քոքոբելյանի եւ մյուսների պատկերացումն այն է, որ մենք մեծ շանս ունենք, ես վստահ եմ, որ լավ աշխատանքի դեպքում կարող ենք վայելել հասարակության մեծաթիվ հատվածի համակրանքը եւ իսկապես լուրջ գործոն դառնալ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունների փոփոխման առումով։ Մի բան, որն ուզում է յուրաքանչյուրը, եւ կլինի դա ընտրություններից հետո որեւէ համախոհ ուժի հետ իշխանություն ձեւավորելու թե այլ տեսքով, այնումենայնիվ գիտակցում ենք, որ լավ աշխատանքի դեպքում մենք կկարողանանք լուրջ փոփոխություն բերել ՀՀ-ին։

-Դաշինքում բացառվա՞ծ է,որ ռուսամետ կամ ԵՏՄ կողմնակից քաղաքական գործիչներ լինեն։

-Որքան էլ մեր դաշինքին կարող է տրվել արեւմտամետության երանգ, եկեք հասկանանք, որ այն հակառուսական չէ, ամենապրոհայկականներից է, որովհետեւ խնդիր է դնում ամրապնդել ՀՀ-ի ինքնիշխանությունը, որը կլանվել է ԵՏՄ-ի կողմից դրա դիմաց ՀՀ-ին չտալով ոչինչ՝ ո՛չ անվտանգություն, ո՛չ տնտեսական բարեկեցություն։ Այս դաշինքի մարդիկ դավանում են այն, որ մենք քաղաքակրթական առումով եվրոպական արժեքների կրող ենք լայն իմաստով, եւ այդ արժեքային հենքի վրա պետք է կառուցվի հայոց ինքնիշխանությունը։

Պարոն Սաֆարյան, այդ դաշինքում երկու նախկին ժառանգական գործիչ կան, հնարավոր համարո՞ւմ եք, որ բանակցություններ ընթանան նաեւ  Զարուհի Փոստանջյանի հետ  եւ նա եւս ներգրավվի այդ դաշինքում։

-Չեմ կարող բացառել կամ հաստատել, որովհետեւ ինքս չեմ բանակցություններ վարողը կամ հանդիպումներ անցկացնողը։ Ի վերջո Ազատ դեմոկրատների ցուցակն է այն եւ այդ  կուսակցությունում են համաձայնության գալիս, թե ում հետ է իրենց կուսակցության ղեկավարը քննարկում ցուցակում ընդգրկվելու հարցերը․ այս կտրվածքով չեմ կարող որեւէ բան հաստատել կամ հերքել։

-Իսկ կցանկանա՞ք իրեն այդ դաշինքում տեսնել։

-Գիտեք մենք էնպիսի թիմ ենք եղել, որտեղ բոլորս իրար թիկունք ենք եղել, իհարկե ինձ եւ նաեւ հանրության համար ուրախալի կլինի ժառանգության բույրը տեսնել, բայց որքանով այն հնարավոր կլինի, ի վերջ Զարուհին պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է որեւէ այլ դաշինքով գնալու եւ բացառապես տեսնում է ժառանգության ցուցակ, եւ բնականաբար  իր ու կուսակցության այլ անդամների միջեւ դիմակայությունը շարունակվում է, այս պահին դրա հնարավորությունը չեմ տեսնում։

Ժառանգության հանգուցալուծումը ո՞նց եք տեսնում, քարոզարշավի մեկնարկի հաշված օրեր են մնացել, բայց իրենց մոտ հստակություն չկա։

-Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ բարդագույն ժգնաժամ է եւ ստեղծված իրավիճակում ընդունել որոշում, որը չի գոհացնի այդ դիմակայության կողմերից որեւէ մեկին՝ լինի Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքով գնալուն, թե Գագիկ Ծառուկյան դաշինքով, որոնք երկուսն էլ դիտարկվել են կուսակցության կողմից։  Չեմ կարծում, որ նման որոշումների ընդունումը լուծում է տալու ներքին վեճին, հակառակը՝ այլ պրոցեսներ է գեներացնելու․ էս կտրվածքով ասել եմ ու կրկնում եմ, որ անգամ ընտրություններին չմասնակցելու որոշումը, որը նման իրավիճակներում ամենահեշտն է լինում կուսակցությունների համար, անգամ դա լուծում չի տալիս խնդրին, որովհետեւ կուսակցությունը փաստացի դուրս է մնում քաղաքական կյանքից եւ բավական մշուշոտ է դառնում ապագան հաջորդ հինգ տարիներին, եթե այլ ընտրություններ չկան։ Ցավոմ եմ, բայց կուսակցությունը անցած տարիների իր զիգզագներից հետո այսօր հայտնվել է այդ վիճակում։ Չգիտեմ՝ ինչ լուծում կտա Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց բոլոր որոշումները այդքան էլ չի ապահովագրում կուսակցության ապագան։ Շատ կցանկանամ, որ այդ կուսակցությունը, որն իրոք արժեք է եղել հայաստանյան քաղաքական կյանքում, պահպանվի։

-Կցանկանա՞ք որ կուսակցության ղեկավարի մակադակով փոփոխություն լինի։

-Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կուսակցության հիմնանդիրն է, իհարկե դա չի նշանակում, որ մյուսները որեւէ ձեւով ներդրում չեն ունեցել կուսակցության կայացման առումով․ այն մի հոգու շնորհիվ չի կայացել, այլ՝ բոլոր անդամների։ Հիմա երբ ասում եք կուսակցության ղեկավար փոխվի, դա ինձ մի տեսակ հիշեցնում է կուսակցության ներսում հեղաշրջման մասին, եթե ես դրա կողմնակիցը լինեի, հավատացեք, 2013-ին դուրս չէի գա։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ կուսակցության նախագահի ձեռքից վերցվի նրա հիմնադրած կուսակցությունը։

-Պարոն Սաֆարյան, Ձեզ առաջարկ էր եղել նաեւ «Ելք»-ից՝ ռեյտինգային ընտրակարգով առադրվելու, արդյոք այն, որ Ազատ դեմոկրատներ դաշինքով մասնակցում եք, կխանգարի՞ առաջադրվել նաեւ «Ելք»-ից։

-Իհարկե կխանգարի, դու չես կարող միաժամանակ երկու ցուցակում լինել, ի վերջո «Ազատ դեմոկրատների» ցուցակում ես ռեյտինգային ցուցակով եմ առաջադրվելու, ինչպես եւ տիկին Բախշյանը, իսկ «Ելք»-ում որոշում են կայացրել, որ համամասնական ցուցակը բացառապես  կուսակցական ցուցակ է, այլ անձինք կարող են ներգրավվել միայն ռեյտինգային ընտրակարգով, ուստի լիարժեք մասնակցութան առումով չեմ կարող նախապատվությոնը տալ իրենց առաջարկին։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: