Կգնան միասին

Jan 24, 2017 Comments Off on Կգնան միասին

Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարներն արդեն հստակեցված են, ըստ որի դաշինքը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, իսկ երկրորդ համարը կլինի գործարար, «Սիլ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը։
Hayeli.am-ը հետաքրքրվեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից, թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում․
«Պարոն Սուքիասյանն ինքը հայտարարությամբ հանդես կգա»,-ասաց մեր զրուցակիցը։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւս հստակ պատասխան չտվեց․
«Ցուցակի կազմման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ որեւէ պաշտոնական տեղեկություն չեմ կարող փոխանցել, երբ աշխատանքներն ավարտին հասցվեն, համապատասխան հայտարարություն կլինի»,-ասաց նա։
Մեր ճշտող հարցին՝ վերջին օրերին Ծառուկյան-Սուքիասյան հանդիպում եղե՞լ է, Տոնոյանը պատասխանեց․
«Այս օրերին մասնավոր բազում հանդիպումներ են տեղի ունենում, սակայն թե կոնկրետ ում հետ ինչ հանդիպումներ են, այդ մասին տեղեկատվության չեմ տիրապետում»։
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյան հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր տարբեր ուժերի հետ, որոնց մասին բարձրաձայնել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոնոյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որ «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետն է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, որն այս պահին արձակուրդում է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: