Գեւորգ Կոստանյանի միջոցով՝ Սերժ Սարգսյանի մեսիջը

Jan 22, 2017 Comments Off on Գեւորգ Կոստանյանի միջոցով՝ Սերժ Սարգսյանի մեսիջը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին նախագահաի խորհրդական նշանակելով Սերժ Սարգսյանը մեսիջ է ուղարկում, որ Կոստանյանն իր համար ընդունելի կադր է։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Մեր դիտարկմանը, որ Կոստանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել առողջական խնդիրների հիմնավորմամբ, արդյոք խորհրդականի պաշտոնում առողջական խնդիրները չե՞ն խանգարի, Սաքունցն ասաց․

«Հաշվի առնելով հուլիսյան իրադարձությունների ժամանակահատվածը, երբ նա հրաժարական տվեց, ես կարող եմ ենթադրել, որ հրաժարականը պայմանավորված էր հուլիսյան իրադարձություններն ոչ համարժեք պահվածքով, որովհետեւ ըստ էության նա երկրից բացակայում էր։ Այնպես որ առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելն ուղղակի ձեւակերպում էր, բաց ոչ  իրականությանը համապատասխան։ Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը իրեն  հնարավորություն է տվել դեմքը փրկելու»։

Սաքունցի խոսքով՝ խորհրդականի պաշտոնում սովորաբար նշանակում են պաշտոնատար անձանց, որոնք ինչ-ինչ թերացումների կամ ոչ լավ պահվածքի համար հեռացվում են, այնուհետեւ նորից խորհրդականի պաշտոնում նշանակվում՝ «մինչեւ իրենց  հետագա գործունեության հետ կապված հարցերը լուծվեն, այնպես ինչպես նախկին ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի դեպքում էր»։

«Խորհրդականների ինստիտուտը նախկին պաշտոնյաների ինտիտուտ է համարվում, Սերժ Սարգսյանը շատ լավ տիրապետում է պալատական ինտրիգներին, այնպես որ դժվար է ենթադրել՝ հերթական ինտրի՞գ է մտածել, գուցե մրցակցությո՞ւնն է թեժ պահում կամ էլ գտնում է, որ Կոստանյանը լավ կադր է,  որին կարող է օգտագործել ինչ-ինչ նպատակներով․ հիմնական բովանդակությունը պետք է հասկանալ, որ Սարգսյանը Կոստանյանին ներել է եւ տալիս է հնարավորություն իրեն դրսեւորելու»,-ասաց Սաքունցը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: