Վահան Շիրխանյանը ցանկանում է դատական նիստին մասնակցել․ պաշտպան

Jan 22, 2017 Comments Off on Վահան Շիրխանյանը ցանկանում է դատական նիստին մասնակցել․ պաշտպան

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին արդեն երրորդ անգամ է, դատարան չեն բերում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նիստը հետաձգվել է, քանի որ դատական նիստի ժամանակ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել, որ Շիրխանյանին դատարան բերեն, սակայն միջնորդությունը մերժվել է։ Ալումյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ ծանր է․
«Անկողնային վիճակում է, տեղից վեր է կենում միայն, որ կարողանա իր հիգիենայի հարցերով զբաղվել, նույնիսկ անկողնում է ուտում»,-ասաց նա։

Մեր հարցին՝ արդյոք խցում համապատասխան բուժօգնություն ստանո՞ւմ է, պաշտպանն ասաց, որ ստանում է, բայց ոչ համապատասխան․«Էն, ինչ-որ իրավիճակն է ու էն, ինչ արվում է, չեն համապատասխանում իրար»։
Հայկ Ալումյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը պարտադիր ցանկանում է մասնակցել դատական նիստին, սակայն իրեն դատարան չեն տեղափոխում․ «Ինքը ցանկանում է մասնակցել այդ դատավարությանը, բայց արդեն երրորդ նիստն է, չեն տանում»։
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասով՝ հանցավոր համագործակցություն ստեղծել եւ ղեկավարել, 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանցավոր համագործակցությանը մասնակցել եւ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել եւ կրել։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: