Եթե Լենինգրադյան փողոցը չանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, ուրեմն ապազգային իշխանության հետ գործ ունենք․ Անահիտ Բախշյան

Jan 21, 2017 Comments Off on Եթե Լենինգրադյան փողոցը չանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, ուրեմն ապազգային իշխանության հետ գործ ունենք․ Անահիտ Բախշյան

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Լենինգրադյան փողոցն անվանակոչելու Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։ «Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է եւ համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Սա բնավ ոչ հակախորհրդային եւ ոչ էլ, առավել եւս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական եւ հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,- ասված է հիմնավորման մեջ։

«Նախագիծն այսօր արդեն հանձնել եմ եւ զուգահեռ նաեւ քաղաքացիական նախաձեռնության դիմումը, որոնք եւս միացել են այդ պահանջին, այնտեղ 8000-ից ավելի ստորագրություն կա, գործընթացն արդեն սկսված է, տեսնենք ինչ ընթացք կունենա»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը։

Տեղեկացնենք, որ ըստ օրենքի ներկայացված նախագիծը երեք ամսվա ընթացքում պետք է ներառվի ավագանու նիստի օրակարգ։

«Հիմա տեսնենք՝ փետրվարի 14-ին կընդգրկվի՞ օրակարգում թե կհետաձգվի, բայց քաղաքացիական հասարակության պահանջը պետք է քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի»,-ասաց նա։

Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ կան, որ այս փողոցի անվանափոխության պահանջը եւս չի արժանանա Մոնթե Մելքոնյանի անունով փողոց անվանակոչելու պահանջի ճակատագրին, Բախշյանը պատասխանեց․

«Եթե սա էլ մերժվի, ուրեմն կարող ենք ասել, որ այս իշխանությունը բոլոր շերտերով ապազգային է»։

Հիշեցնենք, որ դեռ 3 տարի առաջ «Փողոցների եւ այլ օբյեկտների վերանվանում» քաղաքացիական նախաձեռնությունը  դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտան ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու պահանջով, սակայն այն մերժվել էր։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: