Իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ազդել Ծառուկյանի որոշման վրա

Jan 20, 2017 Comments Off on Իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ազդել Ծառուկյանի որոշման վրա

Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը ողջունում է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի որոշումը: Նա ասում է, որ իր կուսակցությունը հանդիպում կնախաձեռնի ու  պատրաստակամություն կհայտնի Ծառուկյանի կողմից հայտարարված լայն դաշինքում  տեղ զբաղեցնելու համար:

-Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտում հստակություն է ուրվագծվում: Երեկ հայտնի դարձավ ևս մեկ դաշինքի մասին՝ միավորվել են «Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և Դեմոկրատական կուսակցությունը: Նաև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Քանի որ դուք այս թևի քաղաքական ուժերին եք աջակցություն հայտնել նախկինում, ունե՞ք որոշում, թե ձեր կուսակցությունն ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, որ դաշինքին կմիանա:


Նախ ասեմ, որ մենք կողմնակից ենք հնարավորինս մեծ դաշինքով հանդես գալուն, հակառակ դեպքում դա ձեռնտու է լինելու իշխանություններին: Ռեյտինգային քվեարկության պարագայում դա է միակ երաշխիքը, որ իշխանությունները չվերարտադրվեն:Իհարկե իդեալական տարբերակն այն էր, որ մեկ դաշիքնով գնար ընդդիմությունը: Ինչ վերաբերում է մեր կուսակցության դիրքորոշմանը, մենք քիչ քաղաքական ուժերից ենք, եթե չասենք միակը, որը հավատարիմ է մնացել համաժողովրդական շարժման սկզբունքներին եւ Գագիկ Ծառուկյանը, երբ փակեց քաղաքական էջը, մենք շարունակել ենք նույն ուղղությամբ, կարգախոսներով առաջ շարժվել:Եւ այսօր էլ գտնում ենք, որ Ծառուկյանն այն մարդն է, որը կարող է համախմբել շատ քաղաքական ուժերի, մանավանդ որ անցած երկու տարիները ցույց տվեցին, որ իրեն հաջողվել էր իրար կողք-կողքի նստացնել իրար հետ խորը տարաձայնություններ ունեցող ուժերի: Նրա հեռանալուց հետո համաժողովրդական շարժումը պառակտվեց եւ այդպիսով փաստվեց, որ շարժման իրական առաջնորդը ինքն էր: Վերադառնալով ու բացելով ծալած էջը  նա կարծես թե նույն կարգախոսն է ընտրել, որ չի լինելու արյունահեղություն,  նա հենց այս պատճառաբանությամբ  հեռացավ:
Երբ որ վերլուծում ենք, տեսնում ենք, որ նրա վերադարձը ոչ միայն սպասված է ժողովրդի, այլ նաև քաղաքական ուժերի կողմից:

-Իսկ առանց առճակատումների հնարավո՞ր է իշխանություն վերցնել, թե այդպիսի խնդիր իրականում դրված չէ:

-Մենք այսօր տեսնում ենք, որ շնորհիվ վարկանիշային քվեարկության հակասություններ են առաջացել իշխանության ներսում եւ ամեն ընտրատարածքում 2-3 շոգեքարշ-ներկայացուցիչները պայքարելու են իրար դեմ: Համոզված եմ, որ լինի 2-3 մեծ դաշինք, ապա ժողովուրդը կկատարի իր ընտրությունը եւ ռեյտինգային թեկնածուների գործը կբարդանա: Միայն այդ դեպքում է հնարավոր ընտրություն ու հաջողություն: Քանի որ իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, բնական է, որ չի կարող մեծամասնություն ստանալ: Համենայն դեպս, եթե ոչիշխանական միավորները միմյանց հետ համագործակցեն, պառլամենտում վատագույն դեպքում կլինի խոշոր ընդդիմադիր բեւեռ, որը իշխանություններին կստիպի գնալ լուրջ զիջումների, էլ չեմ ասում իշխանափոխության ռեալ հնարավորություն առաջ կգա:

-Արդեն մի քանի ամիս է, որ Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունեն Սամվել եւ Կարեն Կարապետյանները, որոնք ըստ մամուլի տեղեկությունների փորձել են ամեն գնով խոչընդոտել Ծառուկյանի վերադարձը: Բայց մենք հիշում ենք նաեւ, որ նույն Սամվել Կարապետյանի միջնորդությամբ Ծառուկյանը հեռացավ: Հիմա ինչպես հավատալ, որ սա ինքնուրույն եւ չհամաձայնեցված քայլ է:

-Ծառուկյանը քաղաքական էջը փակելով ոչ մի զիջման չի գնացել, սահմանադրական էջը փակելով  ինքը սահմանադրական հանրաքվեի ժամանակ շոուներին չի մասնակցել եւ այլն, ի տարբերություն շատ շատերի, որոնք դրանից հետո գնացին իշխանության հետ մեղմ ասած երկխոսության: Ինչ վերաբերում է , որ ինքը իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում, դա հաստատ այդպես չի, որովհետեւ Ծառուկյանի վարկանիշն ամենաբարձրն է, իսկ իշխանությունն այնքան թույլ է, որ այդ ներուժը չունի, որ ազդի Ծառուկյանի որոշման վրա:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: