Փողը լուրջ դերակատարում է ունենալու ընտրությունների ժամանակ. ԵՊՀ պրոֆեսորը՝ Ծառուկյանի վերադարձի մասին

Jan 20, 2017 Comments Off on Փողը լուրջ դերակատարում է ունենալու ընտրությունների ժամանակ. ԵՊՀ պրոֆեսորը՝ Ծառուկյանի վերադարձի մասին

ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը գտնում է, որ քաղաքական ամենակարևոր խնդիրը ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հանրային քննարկումներ ծավալելն է. «Ես զարմացած եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին առաջարկը՝ Ղարաբաղի հարցի հետ կապված, հանրային լայն քննարկումների չվերածվեց: Ինքս իհարկե համամիտ չեմ Տեր-Պետրոսյանի հետ, որ եթե շատ արագ չհամաձայնենք, հետագայում շատ ավելի վատ տարբերակ է մեզ պարտադրվելու: Ասպարեզում կային լուծման ավելի լավ տարբերակներ: Բացի այդ՝ ազերիները արդեն կարծրացրել են իրենց  դիրքորոշումը՝ չթողնելով մեզ  այլ ելք, քան դիրքորոշման էլ ավելի կարծրացնելը. ապրիլյան պատերազմը, հետագայում նաև «Սասնած ծռեր»-ի ինքնազոհ հայտը ցույց տվեցին, որ հայ հասարակությունը համաձայն չէ Լևոն-Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակին: Սակայն հասարակությունը դեռ չի հասցրել լրջորեն  բանաձևել իր մերժումը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին: Մինչդեռ  Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի հասարակական լայն արձագանքը  հնարավորություն կտար  հասարակությանը հանդես գալ որպես  կարևոր դերակատար,  հաստատել իր  սուբյեկտայնությունը ու դերը «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցի լուծման  գործընթացում: Սակայն ժամանակը արագ է վազում՝ ստիպելով հասարակությանը հասկանալ, արձագանքել, նաև մասնակցել վրա հասնող ընտրություններին»:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ըստ տիկին Հարությունյանի, ստվերում են Ղարաբաղի հարցի քաղաքական առաջնահերթությունը: Բայց Ղարաբաղի խնդրի լուծման հարցի հետ կապված՝ տեղի են ունենում կարևոր  գործընթացներ, և մեր հասարակությունը իրավունք չունի պասիվ դիրք գրավել և իներտություն դրսևորել: «Հասարակությունը այսօր դիմազրկված է և չի կարողանում ընկալել, քննարկել և համարժեք վերաբերմունք ու մոտեցում դրսևորել: ԼՏՊ-ն առաջարկում  էր զիջել ազատագրված տարածքները նույնիսկ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Իսկ ի՞նչ արեց հասարակությունը. քննադատեց առաջարկը  և մերժեց, բայց այլ առաջարկություն կամ խնդրի լուծման տարբերակ, այլընտրանքային մոտեցում այդպես էլ չառաջարկվեց»,- hayeli.am-ի հետ զրույցում նշեց Լ.  Հարությունյանը՝  հավելելով, որ հայ հասարակության համար Ղարաբաղի խնդրի լուծման ընդունելի մոտեցում ձևավորեու հարցը մնացել է առկախ:

Պրոֆեսորի կարծիքով՝ Ղարաբաղի հարցի շուրջ հասարակական առողջ կարծիք ձևավորելը իշխանության, քաղաքացիական ինստիտուտների,  ԶԼՄ-ների և քաղաքական ուժերի առաջնային գործը պետք է լինի, մինչդեռ նրանք այսօր առավելապես կենտրոնացած են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների  ուղղությամբ՝ ակամայից  այս պահին ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնելով ընտրական գործընթացների վրա: Պրոֆեսորը այս համատեքստում է դիտարկում հայտնի օլիգարխ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականության փակված էջը վերստին բացելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջին հայտարարությունը.

«Հավանաբար Ծառուկյանին վերադարձրել են այն մարդիկ, ովքեր հասկացել են, որ առանց նրա փողերի չեն կարող տեղ ունենալ Ազգային Ժողովում: Գնացել ականջի տակ դիֆերամբներ են երգել, նա էլ չի դիամացել ֆանֆառների փորձությանը: Բայց քաղաքական իմաստով Ծառուկյանի վերադարձը առաջնային խնդիր չէ: Այն միայն մեծացնում է քաղաքական հայտարարությունների և գործերի միջև եղած հակասությունը և   խեղաթյուրում քաղաքական դաշտը: Նրա վերադարձը նշանակում է, որ փողը լուրջ դերակատարում է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե փողը որևէ նշնակություն չէր ունենալու՝ ինչո՞ւ է փողի պարկ խորհրդանշողը հրավիրվել: Եզրակացությունը տխուր է. չեն հավատում, որ Հայաստանում կարող են առանց փող բաժանելու ընտրություններ տեղի ունենալ: Անկեղծ ասած դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում քաղաքականությունից պարոն Ծառուկյանը. իմ տպավորությամբ նա ինքն էլ չգիտի…Ինչ կարող էր ունենալ որպես հասարակ մահկանացու, կարծում եմ՝ ունի: Արդյո՞ք մոռացել է այն դառը խոսքերը, որ երկու տարի առաջ երկրի նախագահը ասաց նրա հասցեին»,- մեկնաբանեց Լլուդմիլա Հարությունյանը՝ հավելելով, որ ճշմարիտ քաղաքական գործիչը առանձնանում է պատասխանատվությամբ:_ Նա չի համաձայնի վտանգել երկրի ու ազգի ապագան՝ մի խոմբ մարդկանց շահերին տուրք տալով: Պրոֆեսորի խոսքով՝ Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր խնդիրը կոնսերվատիվ պահպանողական թևի հզորությունն է, որին աղքատ  հասարակության պայմաններում կարող էին  և պետք է հակադրվեին Հայաստանի արդիականացման համար պայքարող քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի  այսօրվա քաղաքական համակարգում ցավոք սրտի արտահայտված չեն:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: