Կապանի գլխավոր բժիշկը զարմանում է՝ ի՞նչ բռնաբարություն

Jan 19, 2017 Comments Off on Կապանի գլխավոր բժիշկը զարմանում է՝ ի՞նչ բռնաբարություն

Սյունիքի  գործող մարզպետ Վահե Հակոբյանը կարծես թե ամեն կերպ փորձում է ազատվել այն մասնագետներից, որոնք աշխատել են նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։ Դեռ ամիսներ առաջ մարզպետն աշխատանքից հեռացրել է Գորիսի եւ Սիսիանի բժշկական կենտրոնների գլխավոր բժիշկներին, երեկ էլ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանին, ինչի պատճառով այսօր բուժանձնակազմը բողոքի ակցիա է իրականացրել՝ ի պաշտպանություն իրեն։ Ի դեպ, մամուլում այսօր լուրեր տարածվեցին նաեւ, որ օրեր առաջ բժշկական կենտրոնում բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդին։ Սմբատ Օրբելյանը «հանելուկ» է համարում, թե ինչու են իրեն աշխատանքից հեռացրել։ Hayeli.am-ի հետ զրույցում նախկին տնօրենը մանրամասներ ներկայացրեց․

-Պարոն Օրբելյան, ո՞րն է եղել Ձեզ աշխատանքից հեռացնելու պատճառը։

-Ճիշտն ասած, ես այդպես էլ չհասկացա, թե ինչի են ինձ աշխատանքից հեռացրել։

-Ի՞նչ հիմնավորում են ներկայացրել։

-Իրենց հիմնավորումը աշխատանքային պայմանագրի 3/6 կետի Դ ենթակետն է, որի համաձայն գործատուն կարող է միակողմանի, առանց բացատրության լուծել պայմանագիրը։

Իսկ կանխատեսումներ չունե՞ք, թե դա ինչով է պայմանավորված։

-Կանխատեսումներ չունեմ, որովհետեւ մարզպետի հետ կապ  չեմ ունեցել, մենք իրար չենք ճանաչել, որեւէ կերպ չենք առնչվել։ Իրականում չգիտեմ, թե պատճառն ինչը կարող է լինել։

Լուրեր տարածվեցին, որ բժշկական կենտրոնում բժիշկներից Անուշավան Կարապետյանը փորձել է բռնաբարել հիվանդին, այդ մասին տեղյա՞կ եք։

-Ոչ, նոր եմ լսում այդ մասին, ի՞նչ բռնաբարություն։

-Դուք հնարավո՞ր համարվում եք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այսպես կոչված կադրը։

-Ոչ, իր հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել, մտերմիկ չեն եղել։ Տարբերությունն այն է, որ այն ժամանակ, երբ խնդիրներ էին լինում, Սուրիկ Խաչատրյանը հրավիրում էր քննարկումների, իսկ այստեղ որեւէ լոգիկ բացատրություն չկա։ Ինձ հրավիրում է առողջապահության վարչության պետը, ասում, որ դիմում գրեմ, իրեն ասել եմ, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, մինչեւ մարզպետին չտեսնեմ, չեմ գրի, որից հետո ինձ կանչում են ու էդ հիմնավորմամբ տալիս մարզպետի կարգադրությունը։ Ինքն ինձ այդ թեմայով չի հանդիպել, չի ցանկացել։

-Նախկինում նոր մարզպետի հետ կապված որեւէ անախորժ դեպք չի՞ եղել։

-Բացարձակ, մինչ այժմ որեւէ շփում անգամ չեմ ունեցել իր հետ։

-Ժամանակավոր պաշտոնակատարին ճանաչո՞ւմ եք։

-Այո, մեր  բուժքույրական ուուսմնական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանն է։

-Ի՞նչ հարաբերություններ ունի մարզպետի հետ։

-Իրականում տեղեկություն չունեմ։

-Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար հանելուկ մնաց հեռացման դիմումը։

-Ոչ թե կարող ենք, այլ միանշանակ հանելուկ էր, թե ինչն էր պատճառը, ում էշին չոշ ասեցինք, էդպես էլ գլխի չընկանք։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: