Լավրովի ու Ալիևի պլանները պարզ են, իսկ ո՞րն է հայկական պլանը

Jan 19, 2017 Comments Off on Լավրովի ու Ալիևի պլանները պարզ են, իսկ ո՞րն է հայկական պլանը

 

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ կոշտ է արձագանքել ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հանկարծ փորձի <<օկուպանտ ուժերին>> այնտեղից դուրս բերելու նպատակով «հակաահաբեկչական գործողություն» ձեռնարկել և լուծել ղարաբաղյան հարցը: «Արդյոք Ռուսաստանը կխառնվի՞ Ադրբեջանի ներքին գործերին»,- հարցրել է լրագրողը՝ այն դիտարկելով որպես ներքին գործ: Ի պատասխան Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն:

Նա կտրուկ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրն ուժային լուծում չունի, որ Ռուսաստանը 2011 թվականից հանդես էգալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգտին (թե ինչու դրանք չեն ներդրվում, նա կոչ է արել հարցնել ԵԱՀԿ-ից), որ կարգավորումը ենթադրում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակ և համապատասխանաբար՝ «դեօկուպացիա»:

Լավրովը հատուկ ուշադրություն է հրավիրել հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների վրա` նշելով, որ բոլոր որոշումների մեջ շեշտված է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:

«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ո՛չ երկիմաստությամբ»,- նշել է Լավրովը:

Նա խիստ ահազանգող է համարել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը և խորհուրդ տվել լրագրողին՝ հետաքրքրվել, թե հիմնականում ում կողմից են կատարվում հրադադարի խախտումները:

Փաստացի, Լավրովը շատ հստակ մերժել է ուժային  մեթոդով ԼՂՀ հարցի լուծման Ադրբեջանի մտացածին իրավունքը՝ չթաքցնելով, որ Մոսկվան ունի սեփական առաջարկը, որը Բաքվի կողմից չի ընդունվում, այդ պատճառով հարցը չի լուծվում:  Լավրովի՝ Ադրբեջանին ուղղված խոսքի մեջ շատ հստակ նախատինքի տոնայնություն կար, որը ցույց էր տալիսի, որ նախ Կրեմլում շատ լավ գիտեն, թե ով  է խախտում չկրակելու մասին պայմանավորվածությունը: Եվ եթե այսքան ժամանակ հրադադարի խախտման ժամանակ ուժի չկիրառման մասին կոչերը եղել են անհասցե՝ երկու կողմերին ուղղված ընդհանրական բնույթի հորդորներ, ապա դա չի նշանակում, թե ցանկության դեպքում չեն կարող շեշտերը փոխվել: Լավրովն, ինչպես հայտնի է, ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում ունի սեփական պլանը, որի մասին շատ է խոսվել: Դրա հիմնական կոնցեպտը կայանում է հետևյալում՝ տարածքներ կարգավիճակի դիմաց. Ղարաբաղն ստանում է կարգավիճակ, որի դիմաց Բաքուն ստանում է տարածքներ: Հայտնի չէ, թե ադրբեջանական հասարակության պատկերացրած լուծումը Ղարաբաղի հարցում ինչպիսին է, սակայն  Ալիևը Ղարաբաղի հարցով ունի բոլորվին այլ պլաններ՝ Ալիևի պլանի մեջ  Ղարաբաղի կարգավիճակի հարց ընդհանրապես չի շոշափվում, նրան չի բավարարում 90-ականների սկզբին հայկական զինված ուժերի կողմից ազատագրված 5-7 շրջանների վերադարձը, նա ուզում է ստանալ ամբողջ Ղարաբաղը՝ ազատագրված տարածքներով հանդերձ: Ալիևի պլանը հասկանալի է, Լավրովի պլանի մասին ևս շատ է խոսվել: Իսկ ո՞րն է հայկական կողմի պլանը: ՊաշտոնականՍտեփանակերտը բանակցային գործընթացի մասնակից չէ, իսկ Երևանը միշտ հայտարարել է, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումներով: Ո՞րն է հայկական կողմի պատկերացրած փոխզիջումը, մենք ինչի դիմաց ինչ ենք պատրաստ զիջելու: Հայկական և ադրբեջանական հասարակությունների միջև տարիների ընթացում այս կարևոր հարցի շուրջ երկխոսություն այդպես էլ չծավալվեց: Հայաստանի իշխանությունը որևէ կոնկրետ առաջարկ առ այսօր չի հրապարակել, հասարակությունն էլ հնարավոր տարբերակների վերաբերյալ, եթե դրանցում խոսք է եղել տարածք վերադարձնելու մասին, մերժել է: Վերջին թարմ դեպքը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարում ունեցած հայտնի ելույթն էր, որը բուռն քննադատության արժանացավ, սակայն հանգամանլից քննարկան թեմա այդպես էլ չդարձավ: Ղարաբաղի իշխանությունը ևս լուծման իր տարբերակի մասին  պաշտոնական հայտարարություն անելուց խուսափում է, լավագույն դեպքում նշվում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը անպայման պետք է համաձայնեցվի Ղարաբաղի ժողովրդի հետ: 25 տարվա համար սա լոնֆիլտի լուծման հուսադրող պատկեր չէ՝ արդյունավետ լուծում գտնելու գրեթե պատային իրավիճակ:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: