«ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի վերածվել էր ՀՀԿ-ի մասնաճյուղի»․ փորձագետ

Jan 17, 2017 Comments Off on «ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի վերածվել էր ՀՀԿ-ի մասնաճյուղի»․ փորձագետ

Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի մասին Hayeli.am-ը զրուցել է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ․

Պարոն Բադալյան, սպասելի՞ էր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն եւ ի՞նչ է է նշանակում խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության մասին հայտարարությունը։

-Իհարկե սպասելի էր, որովհետեւ այնպես չէ, որ նրան ամբողջովին հեռացրել էին քաղաքական դաշտից, ոչ նման բան չկա, ուղղակի 2015 թվականին տեղի ունեցան որոշ իրադարձություններ, որի պատճառով նա առժամանակ նահանջեց ակտիվ քաղաքականությունից, բայց շարունակում էր մնալ որպես պատգամավոր։ Ինչ վերաբերում է նրան, թե սա ինչ է նշանակում, բնական է, որ սա կապված է ընտրությունների հետ, քանի որ առանց Գագիկ Ծառուկյանի բոլորովին ուրիշ ԲՀԿ էր, ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի վերածվել էր ՀՀԿ-ի մասնաճյուղի, որովհետեւ քվեարկություններն ամբողջովին նույնն էին, եւ ընդամենը անունն էր տարբեր։ Գագիկ Ծառուկյանի վերադարձով մի քիչ ինքնուրույն ուժ է դառնում, բայց դա չի նշանակում, որ դառնում է ընդդիմադիր ուժ, խնդիրը դա չէ, այլ այն, որ դուրս է գալիս ՀՀԿ-ի կարգավիճակից ու դառնում մի քիչ  ինքնուրույն ուժ,  որը չի բացառվում խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ։ Քանի որ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ նշել է դաշինքի մասին, հնարավոր է ոչ միայն ԲՀԿ-ն ղեկավարի, այլ ավելի մեծ դաշինքով գնա ընտրություններին։ Ժամանակը ցույց տվեց, որ 2015 թվականի փետվարից մինչ օրս քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի բացը լրացնել չհաջողվեց։

-Պարոն Բադալյան, Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ անփոխարինելի դե՞ր ունի, որ նրա բացը չի լրացվել, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Հայաստանյան քաղաքական դաշտն այնքան է աղքատացել, որ շատերի բացակայությունը նկատելի է, անփոխարինելի ոչ ոք չկա, պարզապես բացն էր զգացվում։ Գաղտնիք չէ, որ նա ունի որոշակի դրական աուրա եւ նրանով ԲՀԿ-ն ուրիշ ԲՀԿ է։ Այո, նա որոշակի տեղ ունի քաղաքական դաշտում եւ իր դուրս գալով այն չլցվեց,  ուղղակի փոխարինող չգտնվեց ։ Ենթադրում եմ, որ սա այնքան էլ հայաստանյան պրոյեկտ չէր եւ ավելի հեռահար խնդիրներ կան՝ կապված 2018 թվականի հետ։

-Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ խոսում է դաշինք ձեւավորելու մասին, ըստ Ձեզ ո՞ր ուժերի հետ կարող է դաշինք կազմել։

Չեմ կարող որեւէ ուժի անուն տալ, քանի որ այն կդառնա գուշակություն, չեմ կարող ասել որ եթե  նա վերադառնա, ուրեմն եռյակը նորից կլինի։ Դա կախված  է նրանից, թե ինչ նպատակ է իր առջեւ դրված, դա դեռ հստակ չէ, միայն հստակ է այն, որ նա վերադառնում է։ Ոչ ոք չի կարող ասել՝ նա այսինչ կամ այնինչ ուժի հետ դաշինք կկազմի։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: