«Մենք հովանավորներ չունենք ու չենք պատրաստվում ունենալ»․ ՔՊ փոխնախագահը՝ ընտրությունների մասին

Jan 17, 2017 Comments Off on «Մենք հովանավորներ չունենք ու չենք պատրաստվում ունենալ»․ ՔՊ փոխնախագահը՝ ընտրությունների մասին

Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակների կողմից իրականացված  համաժողովում՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, կազմվել է ՔՊ-ի՝ խորհրդարանական ընտրություններին ներկայացվող համամասնական ցուցակի տասնյակը, որը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ցուցակի կազման, այլ ուժերի հետ համագործակցության, ֆինանսական ռեսուրսի ապահովման եւ այլ հարցերի մասին Hayeli.am-ը զրուցել է ՔՊ համամասնական ցուցակի հինգերորդ համար, ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանի հետ․

-Պարոն Պապիկյան, կարծես թե նախադեպային է հայաստանյան քաղաքականության մեջ, երբ ընտրություններում համամասնական ցուցակը կազմվում է ոչ թե կուսակցության ղեկավար մարմնի կողմից, այլ պատվիրակների կողմից։ Ի՞նչ կարող եք ասել այս ընտրության մասին, որքանո՞վ էր այն արդարացի։

-Ինչպես նշեցիք հայաստանյան իրականության մեջ նախադեպային է, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկզբնավորման օրվանից նմանատիպ նորույթներ մեր քաղաքական դաշտ պարբերաբար բերել է։ Մենք լիահույս ենք, որ այն վարակիչ կլինի մյուս կուսակցությունների համար եւս, քանզի սա ներկուսակցական ժողովրդավարություն է, որը եւ ապահովում է յուրաքանչյուր կուսակցության կենսունակությունը։ Ինչ վերաբերում է արդարացիությանը, ապա փակ գաղտնի քվեարկությունը մի համակարգ է, որի միջոցով հնարավոր չէ պրոցեսն ավելի արդարացի պատկերացնել, իսկ արժանիքները բնականաբար տեսքից կամ միայն քաղաքական անցյալից չենք կարող դատել․այն որոշում է պատվիրակների այն խումբը, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել։

-Տասնյակի մեջ կան եւ նախկին վարչության անդամներ, որոնք վերընտրվել են, եւ գործող վարչությունից, ըստ Ձեզ՝ կայի՞ն մարդիկ, որոնք չպետք է լինեին, կամ արդյոք ցուցակում կայի՞ն չընդգրկված անձինք, որոնք պետք է լինեին, առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում տասնյակին։

-Տասնյակին վերաբերվում եմ հարգանքով, իմ կուսակից ընկերների որոշումն է, լինեմ ես, վարչության նախագահ թե շարքային կուսակցական, բոլորս պարտավոր ենք հարգել մեր կուսակցականների  որոշումը։

-Չկա՞ն մարդիկ, որոնք կուզենայիք լինեին տասնյակում։

-Այն մարդկանց, որոնց ցանկացել եմ տեսնել, իմ քվեաթերթիկում արտահայտել եմ, իսկ այն գաղտնի է եւ հրապարակման ենթակա չէ։ Նորից եմ կրկնում՝ հարգում եմ կուսակցական ընկերներիս որոշումը։

-Դուք նաեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էիք «Ելք» դաշինքի անունից, այնտեղ ինչպե՞ս եք պատկերացնում ընտրապայքարը։

-Այո, «Ելք» դաշինքի անունից ներկայացված եմ լինելու եմ Լոռու մարզի իններորդ ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու։

-Ելք դաշինքի անունից միայն Դո՞ւք եք լինելու այդ ընտրատարածքում, արդեն հստակեցվա՞ծ է այս հարցը։

-Ոչ, նման հստակեցում չի կարող լինել, օրենքը թույլ  է տալիս, որ կոնկրետ այդ ընտրատարածքում  ռեյտինգային թեկնածուները լինեն հինգից մինչեւ տասնհինգ։

Հնարավո՞ր  է պայքարեք «Ելք»-ը ներկայացնող ԼՀ-ի ներկայացուցչի դեմ։

-Ոչ ես կպայքարեմ գործող իշխանությունների դեմ՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունների գործընկերներս հետ միասին՝ մեջ մեջքի տված։

-Նախընտրական շրջանի ֆինանսական ռեսուրսի ապահովման վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են։

-Ֆինանսական խնդիրների լուծումը մեզ համար շատ կարևոր է, թե՛ ՔՊ-ն, թե՛ ԼՀ-ն իր ֆինասնական ծախսերը միշտ հոգացել է հրապարակային՝ դրահամավաքների միջոցով։ Այժմ էլ հրապարակային է լինելու, եւ դուք՝ լրագրողներդ, այդ մասին իմանալու եք,  այնպես որ ամեն ինչ շատ թափանցիկ է։

-Դրամահավաքներն ի զորու կլինե՞ն ողջ ընտրական ծախսերը հոգալ։

-Եթե ՀՀ-ում կան մտահոգ քաղաքացիներ, ովքեր ընտրություններից առաջ իրոք փոփոխություններ են ուզում այս երկրում, ապա այդ դրամահավաքների չափը կտրուկ պիտի մեծանա․ մենք լիահույս ենք, որ այդպես էլ կլինի։

-Իսկ եթե չմեծանա՞։

-Հաճախ կարելի է ավելի փոքր գումարով շատ ավելի մեծ գործեր անել, քան հսկայական գումարներ ունենալով։ Մեր գործելաոճում երբեք չի դրվել ֆինանսական  մոտիվացիան, քաղաքականության մեջ մեր լինելը ֆինանսական նպատակ, շահ չի հետապնդում։

-Ֆինանսական ռեսուրսի ապահովման առաջարկներ չե՞ն  եղել։

-Մեր ֆինանսական ելքերն ու մուտքերը հրապարակային են, երբ կլինեն կհրապարակվեն․ մենք հովանավորներ չունենք  ու չենք պատրաստվում ունենալ։  Մեր հովանավորը ՀՀ քաղաքացին է, մտահոգ քաղաքացին։

-Պարոն Պապիկյան, «Ելք»-ն այլ ուժերի հետ համագործակցություն քննարկո՞ւմ է։

-Մենք համատեղ հուշագիրը ստորագրելիս արդեն իսկ հայտարարել ենք, որ բաց ենք քննարկումների համար, ու եթե կան ուժեր, որոնք ՀՀ ապագայի վերաբերյալ մեզ նման տեսլական ունեն, չենք բացառում համագործակցությունը։ Քննարկումներ կան, ու երբ դրանք կլինեն գործնական հողի վրա, այդ մասին կբարձրաձայնենք, քաղաքական շփումները դեռեւս չեն նշանակում բանակցություններ, դրանք կարող են տանել բանակցությունների փուլի, երբ կլինեն բանացություններ, կոնկրետ պայմանավորվածություններ, մենք այդ մասին բնականաբար կխոսենք։

-«Ելք»-ում արդեն կա՞ն քննարկումներ դաշինքի համամասնական ցուցակի վերաբերյալ, հնարավո՞ր է ՔՊ-ի փորձը տեղափոխեք այնտեղ ու ցուցակը կազմվի պատվիրակների միջոցով։

-Մենք մեր փորձը չենք պարտադրում ոչ մեկի՝ այդ թվում մեր գործընկեր կուսակցություններին, փորձում ենք նախադեպն ուրիշների համար վարակիչ դարձնել, քանի որ ժողովրդավարությունը ՀՀ-ում վերջապես պիտի հաղթանակի, եւ  այն պիտի սկսենք հենց մեր կուսակցական ժողովրդավարությունից։ Դա մեր մոտեցումն է, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր ցուցակին, ապա յուրաքանչյուր կուսակցություն կներկայացնի իր համամասնական ցուցակը, եւ երեք կուսակցությունների համադրման արդյունքում էլ կձեւավորվի դաշինքի ցուցակը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: